ՀՀ Կառավարությունն այսօր գումարել էր հերթական նիստը, ընդ որում` մեկ ժամ շուտ, անվտանգության խիստ ռեժիմ սահմանելով: Կարապետյանի փոփոխությունները չէին շրջանցել նաեւ կառավարությունում հավատարմագրված լրագրողներին: Այսօրվանից գործադիրի շենք մուտք գործող լրագրողները պետք է տեսանելի ձևով կրեն լրագրողական անվանաքարտը (բեյջ), առանց դրա տեղաշարժն արգելված էր: Ինչո՞վ է պայմանավորված նման խստացումը:
Կառավարության լրատվականից հայտարարեցին`անվտանգության նկատառումներից ելնելով, այդպես էլ չմեկնաբանելով, արդյոք լրագրողնե՞րն են վտանգ ներկայացնում Կարապետյանին եւ իր թիմին, թե՞ այլ պատճառներ կան: Իսկ նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նախ հանձնարարականներ հնչեցրեց իր կաբինետի անդամներին: Առաջինը վերաբերում էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին: Կարապետյանը Մարտիրոսյանին հանձնարարեց գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքների կազմակերպման խնդիրները ուսումնասիրել եւ լուծումներ առաջարկել:
Իսկ ի՞նչ փուլում է գտնվում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը: Նախարար Մարտիրոսյանը բանից անտեղյակ էր, չնայած եղել էր մայրուղում և տեսել, որ շինարարություն է ընթանում: Հիշեցնենք, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող ճանապարհի շինարարությունը դադարեցվել է, ծրագրում ատկատ է հայտնաբերվել: Հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ: Մարտիրոսյանը դարձյալ տեղյակ չէր: Միեւնույն ժամանակ նա չբացառեց, որ շինարարությունը հնարավոր է` դադարեցվի:
Նոր ծրագիր` հին բնորոշումներով: Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը կազմված է: Նախարարները գտնում են, որ այն իրատեսական է: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե Կառավարությունը պատրաստվում է գյուղատնտեսության ոլորտը զարգացնել նոր տեխնոլոգիաների միջոցով այգիների, ջերմոցների, ֆերմաների ներդրմամբ: Ինչպես Սերգո Կարապետյանն էր ժամանակին, այնպես էլ Առաքելյանն է հիմա դեմքով շրջվել դեպի գյուղն ու գյուղացին, բայց պետությունը փող չունի, դրամաշնորհներ պետք է գտնեն, որպեսզի առկա խնդիրները կարգավորեն: Ըստ Առաքելյանի` քայլ առ քայլ իրենք 18-րդ դարից անցում են կատարում 21-րդ դար:
Կառավարության ծրագիրը իրատեսական են համարում նաեւ բնապահպանության եւ ֆինանսների նախարարները: Վարդան Արամյանը նշում է, թե կառավարության ծրագրում շատ կոնկրետ ներկայացված միջոցառումներ են, այդ թվում՝ հարկային և մաքսային ոլորտում։ Մեր դիտարկմանը, թե ինչ ծրագրեր են մշակվելու փոքր ու միջին ձեռնարկատերերի համար, եւ արդյո՞ք հարկայինը շարունակելու է իր տեռորը, Արամյանն ասաց, թե բաժանումները հստակ են լինելու:
Գործադիրի մյուս անդամները այս անգամ էլ նախընտրեցին կառավարության շենքից հեռանալ հետևի մուտքից, թեև Կարեն Կարապետյանի կողմից ստացել էին հրահանգ` իրենց կատարած եւ կատարելիք աշխատանքների մասին հանրությանը տեղյակ պահել: Լրագրողների հարցերից խուսափողների թվում էր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Ժամանակ չկա` հայտարարեց Ալթունյանը, անտարբեր անցնելով նաեւ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների մոտով: Գործադիրի մյուս անդամները, ովքեր առիթը բաց չեն թողնում խոսելու, որ քաղաքացու խնդիրները իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում են, դարձյալ անտարբեր հայացքներով գործադիրից շտապեցին օրենսդիր մարմին` Կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելու համար:
Փայլակ Ֆահրադյան