Ինչպես Araratnews.am-ը արդեն տեղեկացրել էր, ՀՀ Ազգային ժողովն այսօր ընդունեց Կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագիրը: Քվեարկությունից առաջ ամփոփիչ ելույթով հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Կփորձեմ այսօր հավեսով խոսել, չնայած երեկ էլ էի հավեսով խոսում», — կատակեց Կարեն Կարապետյանը, ապա շնորհակալություն հայտնեց բոլոր ելույթների համար, նշելով, որ կային ինչպես առարկայական, այնպես էլ էմոցիոնալ ելույթներ:
«Ելք» դաշինքի մեր գործընկերների հիմնական քննադատությունը հետևյալն էր, որ մենք չենք հասկանում` 2018 թվականին վարչապետն ո՞վ է, ու այդ պատճառով իմաստ չենք տեսնում Կառավարության ծրագիրը քննարկել: «Ծառուկյան» դաշինքը նշում էր, որ «մենք 430 հազար ձայն ունենք», ինչո՞ւ մեր ծրագիրը չեք ընդունում: Փաստարկն այն է, որ մենք ավելի շատ ձայն ունենք: Կային նաև էմոցիոնալ ելույթներ, որոնք, իմ կարծիքով, ոչ կոռեկտ էին, անձնական և ոչ հեռանկարային. ուղղակի խորհուրդ, հորդոր` ճիշտ չի դա»,- նշեց Կարեն Կարապետյանը, հավելելով, որ կառավարությունը պատրաստ է համագործակցության:
«Այս ծրագրի կազմման ընթացքում մենք ունեցել ենք ներքին բանավեճեր, քննարկել ենք մասնագետների, ոչ միայն հայ մասնագետների հետ: Սա պրոֆեսիոնալ ծրագիր է, որը մեր հայկական պետությունը փոխելու է դեպի լավը, և չափազանց հետաքրքրված ենք, որ միասին աշխատենք: Մենք հստակ պատկերացնում ենք` ինչ պիտի անենք: Բոլորին շնորհակալություն ու լավ տրամադրություն», — ասաց վարչապետը` արժանանալով ՀՀԿ-ականների ծափահարություններին:
Նա նաեւ անդրադարձավ իր կաբինետի անդամներին, ասելով. «Ես ուզում եմ անկեղծ լինել: Մեր Կառավարությունում հավաքվել են բավական ազնիվ, պարկեշտ մարդիկ: Շատ բաց ենք և չափազանց շահագրգռված ենք, որ լինեն կոնստրուկտիվ քննարկումներ: Բոլորիդ լավ տրամադրություն»,- հայտարարեց Կարապետյանը: