տուն Լուրեր Կարապետյանը քրոջ ամուսնուն պաշտոն է տվել

Կարապետյանը քրոջ ամուսնուն պաշտոն է տվել

101
0

1478794164,8332

«Չեմ բացառում, որ պաշտոնի կնշանակեմ իմ բարեկամին»,- ԱԺ ամբիոնից հոկտեմբերի 20-ին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Հայտարարեց ու արեց: Եվ այսպես Araratnews.am-ը տեղեկացրել էր, որ պաշտոնանկ է արվել Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍՊԱԾ) տնօրեն Արմեն Հայրապետյանը: Այն, որ վերջինս պաշտոնանկ է արվելու, մենք ավելի վաղ էինք տեղեկացրել: Հայրապետյանի փոխարեն Կարեն Կարապետյանի որոշմամբ նշանակվել է Իշխան Կարապետյանը: Իշխան Կարապետյանը Կարեն Կարապետյանի բարեկամն է, ավելի կոնկրետ՝ քրոջ ամուսինը՝ փեսան:

Մինչ այս պաշտոնին նշանակվելը Իշխան Կարապետյանը եղել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալը, ղեկավարում էր «Փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը», գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «ԷյԻՋի սերվիս» ՍՊԸ-ն, եղել էր «Նատֆուդ» ընկերության գործադիր տնօրենը: Կարճ ասած՝ Կարապետյանի փեսայի գործերը միշտ աջ են եղել:

Կարապետյանի դստեր ամուսնու գործերը եւս վատ չեն: Խոսքը էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի մասին է: Հարությունյանը  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է, իսկ Արզուման Հարությունյանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է:

Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո շատերի մեջ հույսեր արթնացան, որ նա չի կրկնի նախորդների սխալները, որ հենց Կարապետյանն է այն «փրկիչը», որը, ըստ տարբեր շրջանակներից հնչող տեսակետների,  ուղարկված է Ռուսաստանից, սակայն առ այսօր հասարակությունը ականատես է եղել միայն գեղեցիկ եւ գրագետ խոսքով համեմված հայտարարությունների: Վարչապետը ձեռքը խփում է սեղանին, հայտարարելով, որ ժամանակն է բացառել քավոր-սանիկային հարաբերությունները, մյուս ձեռքով իր բարեկամներին՝ պաշտոնի նշանակում: Կարապետյանի «մայր ու աղջիկ» ներկայացումն ավարտվեց՝ մեկ արարով:

Հավելենք, որ Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանին: Հետաքրքրականն այն է, որ շնորհավորելով Իշխան Կարապետյանին ՍԱՊԾ պետի պաշտոնում նշանակվելու առթիվ` նախարարը նշել է, որ նա պատրաստված և պրոֆեսիոնալ մասնագետ է, քաջատեղյակ է ոլորտին, և մաղթել հաջողություններ ու արդյունավետ աշխատանք: Միայն թե գաղտնիք մնաց, թե «գազավիկ» Իշխան Կարապետյանը ե՞րբ է հասցրել ոլորտին ծանոթանալ, որ Իգնատի Առաքելյանը այդպես է ներկայացրել:

Փայլակ Ֆահրադյան