ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագիրը, որը օրենսդիրներին է ներկայացնում վարչապետ Կարեն Կարապետյանը: «Գիտենք` ի՞նչը փոխել և ինչպե՞ս, և սկսել ենք իրագործել»,- խորհրդարանում ներկայացնելով ՀՀ Կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը՝ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հավելելով, թե յուրաքանչյուր ոլորտում բարձրաձայնում են խնդիրներ և իրականացնում են բարեփոխումների ծրագիր:
«ՀՀ-ն գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, որի 83%-ը շրջափակված է, և միայն 17%-ն է բաց, այստեղ կան հակասող շահերից բազմաթիվ խաղացողներ, կախվածություն ունենք համաշխարհային ցնցումներից, մեր իրականությունը դեռ երկար է լինելու այդպիսին, ունենք նաև ներքին խնդիրներ, որոնց բավական քաջատեղյակ ենք»,-ասաց վարչապետը և նշեց, որ թվարկում է սրանք ոչ թե հուսալքելու, այլ ցույց տալու, թե ինչքանով են լավ պատկերացնում իրականությունը:
Միաժամանակ, վարչապետ Կարապետյանը նշեց, թե աշխարհում կան երկրներ, որոնք ավելի վատ ստարտային պայմաններում են եղել, բայց կարողացել են օրուգիշեր աշխատելով, բռնած գործի հավատով հասնել լավ վիճակի: «Ուզում եմ ռեալիստ լինել՝ հեշտ ճանապարհ չի լինելու»,- ասաց նա, հավելելով՝ ճանապարհն աշխատելն է, կրթվելը, անմնացորդ նվիրվելը գործին:
Վարչապետը նշեց՝ ռեալիստ պիտի լինենք և հստակ պատկերացնենք, որ սա հեշտ ճանապարհ չի լինելու: «Պետք է անմնացորդ նվիրվել մեր գործին: Ակնհայտ է, որ մեր բոլոր հայրենակիցների համար հայրենիքը կլինի ստեղծագործելու միջավայր, եթե լինի մրցակցային միջավայր»,- ասաց նա, ապա շարունակեց, թե սփյուռքի լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը պետք է ծառայեն մեր նպատակներին: «Պետք է փորձենք օգտագործել մեր մշակույթը՝ աշխարհին ներկայանալու համար: Մշակույթը հզոր զենք է, այն կարող է մարդկանց միավորել, մենք ունենք շատ հարուստ մշակույթ, որը դարերով բերել ենք մեզ հետ»,- նկատեց նա:
Կարեն Կարապետյանն ասաց, որ հաճախ մենք զարմանում ենք, որ որևէ մեկը տեղյակ չի լինում մեր մշակույթից:
«Իսկ մենք ինքներս ի՞նչ ենք անում, որ աշխարհին ծանոթ դարձնենք մեր մշակույթը»,-հարցրեց նա:
Վարչապետը նաև ասաց, որ այլ ճանապարհ չունենք, քան պոպուլիզմից զերծ մնալը: «Պետք է աշխատենք րոպե առաջ զարգացնել մեր երկիրը: Ներդրումը մեկ օրում արդյունք չի տալիս, կառավարիչը մեկ օրում ավելի էֆեկտիվ չի դառնում, գյուղացին մեկ օրում արտահանող ֆերմեր չի դառնում: Այս խոսքերս ուզում եմ ճիշտ հասկացվի: Մենք չենք խուսափում պատասխանատվությունից»:
Նա հիշեցրեց՝ Կառավարությունն անհանդուրժողականություն է որդեգրել կոռուպցիայի դեմ պայքարում: