Հայաստանում 2018 թվականին միջազգային տնտեսական համաժողով կկազմակերպվի: Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Վերջերս կայացած Հայաստան-սփյուռք համաժողովի ընթացքում մենք ներկայացրեցրինք Հայաստանի տնտեսական հստակ ներուժի, ներդրումային ծրագրերի և արձանագրված տնտեսական աճի վերաբերյալ համալիր տեղեկատվություն: Փաստը, որ մենք ունենք, դա առավել հասանելի դարձնելու խնդիրն է: Այդ պատճառով հարկավոր է մեր գիտական և տնտեսական ներուժը հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ստացած տնտեսական կազմակերպություններին և ձեռնարկատերերին՝ մեր երկրում կազմակերպելով ժամանակակից պահանջներին համապատասխանող տնտեսական միջոցառումներ»,- ասաց վարչապետը:
Վարչապետը Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում Հայաստանում 2018 թվականին միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով մշակել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ: Դրանով պետք է նախատեսվի հանձնաժողովի կազմը՝ փոխվարչապետի գլխավորությամբ և տնտեսական ոլոտի նախարարների մասնակցությամբ: «Խոսքը հետևյալի մասին է. մենք իրականում ուզում ենք տնտեսական և ինվեստիցիոն ռեգուլյար հարթակ ստեղծել Հայաստանում, որտեղ մենք պատմելու ենք` ինչպիսի´ Հայաստան ենք ուզում տեսնել վաղը, ի´նչ տեսլական ունի, համաշխարհային ճանաչում ստացած մասնագետների հետ քննարկել մեր մոտեցումներն ու պատկերացումները: Ինչպես նաև այդ հարթակում պետք է ստեղծել հնարավորություն, որ այն նախագծերը, որոնք մենք պատրաստում ենք և իրագործում ենք, որպեսզի կարողանանք ներկայացնել մեր պոտենցիալ գործընկերներին»,- ասաց Կարեն Կարապետյանը: