ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Դավոսում անցկացված համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցության արդյունքներին: Կարապետյանն ասաց, որ համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, մասնավորապես, օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
«Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և նախանշվել են համագործակցության ուղղություններ»,- նշեց նա: Կարապետյանն ապա հանձնարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին` 7 օրվա ընթացքում այցի արդյունքների մասին հաշվետվությունն ու ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին:
Իսկ արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարվեց միջոցներ ձեռնարկել` այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կոնկրետ ժամկետներում կատարման, մշակման ու ներկայացման նպատակով ու Կառավարության աշխատակազմ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել:
Փայլակ Ֆահրադյան