Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարականը տվեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: Նախարարը երկշաբաթյա ժամկետում Կառավարության քննարկմանը պետք է ներկայացնի նախագծերի փաթեթ, որոնց համաձայն դադարեցվելու են արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործունեությունը, վերացվելու են արդարադատության նախարարության կողմից իրականացվող արհեստակցական, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները: «Իսկ մնացած ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության վերահսկողության, այդ թվում՝ ստուգումների անցկացման գործառույթը վերապահվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին»,- նշեց Կարեն Կարապետյանը: Արդարադատության նախարարության ներքին խնդիրների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ վերահսկողության գործառույթները վերապահվում են արդարադատության նախարարության՝ վերակազմակերպված վերահսկողության ծառայությանը:
Վարչապետի չորրորդ հանձնարարականը վերաբերում էր տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, քաղաքաշինության կոմիտեի նախագահին: Հանձնարարվեց, համագործակցելով համայնքների ղեկավարների հետ, բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում՝ այլ վայրեր տեղափոխելու նպատակով համատեղ ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ:
«Խոսքը գնում է ստրիպտիզ ակումբների և դրա նման զվարճանքի ակումբների մասին, որովհետև շատ բողոք կա բազմաբնակարան շենքերի տակ և՛ բարոյական կերպարի, և՛ անհանգստության մասին»,- նշեց Կարեն Կարապետյանը: