Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 8 երթուղին ուղևորներին շարունակում է սպասարկել թանկացված՝ 70 դրամ ուղեվարձով: Արդեն տեղեկացրել էինք, որ ուղեվարձի թանկացումը հարուցել էր բնակիչների դժգոհությունը, որովհետև նրանց կարծիքով՝ այս թանկացումն անհիմն է: Ուղեվարձը նվազեցնելու համար Կապանում ստորագրահավաք էր սկսվել, որը նախաձեռնել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի տարածքային կառույցի անդամները, ովքեր նաև իրենց անձնական մեքենաներով ուղևորներին անվճար փոխադրում էին:
ՔՊ-ի կողմից առաջադրված Կապանի ավագանու միակ ընդդիմադիր անդամ Նարեկ Բաբայանն araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ անվճար փոխադրումների ակցիան դեռ շարունակվում է, իսկ երթուղուց օգտվողները շարունակում են բոյկոտել ու վճարել նախկին՝ 50 դրամ ուղեվարձով. «Քանի որ արդեն ստորագրությունները հավաքվել են, հիմա նամակ ենք պատրաստում, իրավաբանների հետ ենք աշխատում խնդիրը ճիշտ ներկայացնելու համար, որպեսզի հարցը ավագանին չքննարկի, նոր մտնի օրակարգ, այլ միանգամից մտնի»:
Նախաձեռնության անդամները քաղաքապետի հետ հանդիպել են, ով նշել է, որ մարդկայնորեն հասկանում է քաղաքացիների դժգոհությունը, բայց կա այն, ինչ կա: Իսկ մարզպետի հետ հանդիպել չի հաջողվել, որովհետև նա միշտ տեղում չի լինում: Հանդիպում չի եղել նաև ուղևորափոխադրում իրականացնող ընկերության ղեկավարի հետ. «Գծատիրոջ կողմից մարդիկ եկան, նրանցից մեկն ասաց ՝ դուք ձեր ակցիան մի արեք, մենք գինը կիջեցնենք: Ասացինք՝ կհամաձայնենք միայն այն դեպքում, երբ լրագրողների ներկայությամբ գծատերը կասի, որ գինը կիջեցնի: Ու այդպես լրագրողը զանգեց, գծատերն ասաց, որ շարունակելու են աշխատել 70 դրամով»:
Ուղևորներին անվճար փոխադրելու ակցիան դադարեցնել հորդորել են նաև քաղաքապետարանի աշխատակիցները. «Այնտեղի աշխատողներից ակցիայի մասնակիցներին մոտեցան, ասացին՝ ակցիայով վարորդին շեղում եք, ուզում է ձեզնից ավելի շուտ հասնի, որ մարդկանց փոխադրի, լարվում է, ու կարող է վթար լինել»:
Խնդրի հետ կապված քաղաքապետարանի դիրքորոշման մասին զրուցեցինք Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ, ով ընդգծեց, որ որպես համայնքի ղեկավար հարցը դիտարկում է օրինական հարթության վրա. «Խնդիրը հետևյալն է. սեպտեմբերի 26-ին մրցույթ է տեղի ունեցել, գործող ընթացակարգի համաձայն՝ ուղևորափոխադրող օպերատորը երթուղին շահել է 70 դրամ ուղեվարձով»:
Քաղաքապետը հավաստիացրեց, որ հարցը լուծելու համար իր կարգադրությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել. «Խմբում ներգրավված է նաև մարզպետարանի ներկայացուցիչը: Լրացուցիչ ուսումնասիրություններ կարվեն, մեր համապատասխան եզրակացությունը կլինի, ու այդ մասին կիրազեկենք»:
Ուղեվարձի թանկացման առաջարկով գծատերը դեռևս երկու տարի առաջ էր դիմել քաղաքապետարան. «Այն ժամանակ հիմնավոր հաշվարկով ներկայացրել էր երթուղու սակագնի փոփոխության դիմում, բայց քանի որ երթուղու սպասարկման ժամկետը չէր ավարտվել, ես մերժել եմ և առաջարկել հարցին անդրադառնալ երթուղու սպասարկման ժամկետի ավարտին՝ նոր մրցույթի շրջանակներում»:
Քաղաքապետարանի համար ուղեվարձի թանկացման պատճառաբանությունները հիմնավոր են. «Պատճառները տարբեր են՝ սկսած նվազագույն աշխատավարձի բարձրացումից մինչև պահեստամասերի թանկացում»:
Հայրապետյանը նաև հավելեց, որ մրցույթում հաղթում է այն ընկերությունը, որը գործում է գործող պահանջներին համապատասխան և ավելի էժան ուղեվարձ է առաջարկում, իսկ այս պարագայում համար 8 երթուղին մրցույթի միակ մասնակիցն է եղել: