Վերջին շրջանում Հայաստանի համար օրակարգային խնդիր է դարձել Սևանի հարցը։ Լճի կապտականաչ գույնը շատ մասնագետների մտահոգության տեղիք է տվել։ Սևանում կատարվող թունավոր պրոցեսների մասին արձանագրեցին նաև առողջապահության և շրջակա միջավայրի նախարարները։ Մասնագետներն անգամ խորհուրդ տրվեց չլողալ լճի կանաչած հատվածներում, չխմել Սևանի ջուրը։ Իսկ ձո՞ւկը… որը միայն ապրում է այդ միջավայրում, այլև սնվում է այդ միջավայրից:
Օրինակ՝ Սևանա լճում գործող հանգստյան գոտիների սեփականատերերի հետ զրույցում պարզել էինք, որ մարդիկ կոչերն ի գիտություն են ընդունել, և շատերը հրաժարվել են հանգստանալ Սևանում։ Սակայն նույն այդ կանաչած Սևանի սիգն ապօրինի, ամեն քայլափոխի վաճառվում է մայրաքաղաքի (և ոչ միայն) փողոցներում, ու մարդիկ, մոռանալով լճի գունավորման մասին, առանց վարանելու, հանգիստ գնում են այն։
Մասնագետները որպես լճի կանաչելու պատճառ նշում են նաև ձկնագողությունը, սակայն ոչ ոք այս օրերի ընթացքում չխոսեց Սևանից մեծ քանակությամբ հանվող սիգ ձկան որակական հատկանիշների մասին։ Մի՞թե որսացած ձուկն անվտանգ է, ենթարկվե՞լ է որևէ փորձաքննություն, թե՝ ոչ։
Araratnews.am-ը կապ հաստատեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, թե կառույցն այս ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկել։
«Մեզ համար փողոցում վաճառվող ձուկը, ընդհանրապես կենդանական ծագման մթերքը, ապօրինի, ի սկզբանե, վտանգավոր է։ Մենք փողոցում վաճառվող մթերքին չենք անդրադառնում։ Առաջին հերթին, որովհետև համարում ենք վտանգավոր, առավել ևս, եթե դա կենդանական ծագման է, և երկրորդ՝ որովհետև մենք գործ ունենք իրավաբանական անձանց հետ։ Մարդիկ, ովքեր փողոցում ձուկ են վաճառում, անհատներ են, ֆիզիկական անձինք են, որոնց հետ մենք որևէ գործողություն անել չենք կարող»,- նշեց Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ փողոցային սնունդը չեն կարող հատուկ ենթարկել փորձաքննության՝ հասկանալու՝ այն վտանգավո՞ր է, թե ոչ։
Դիտարկմանը, եթե փողոցում վաճառվող ձուկը կառույցի պատասխանատվության տակ չէ, ապա Սևանի լողափերին գործող օբյեկտներում ևս վաճառվում են սիգ, խեցգետին, իշխան, արդյոք դրանք փորձաքննության ենթարկվե՞լ են, վտանգավո՞ր են , թե՝ ոչ․ «Մենք ստուգում ենք ընդհանուր, հանրային սննդի օբյեկտի կարգավիճակը, սանիտարահիգենիկ նորմերը, դրա հետ նաև վաճառվող սննդամթերքը»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք ստուգումները կամ ընդհանրապես վերահսկողական գործողությունները կատարում են կա՛մ ստուգումների պլանի, կա՛մ ահազանգերի հիման վրա։
Հովհաննիսյանը չմանրամասնեց, թե Գեղարքունիքի մարզի որ օբյեկտներում ինչ ստուգումներ են կատարել, բայց ձկան հետ կապված ահազանգ չեն ստացել․ «Մարդիկ հիմա էլ են գնում, ուտում են, որևէ բողոք մենք դեռևս չենք ստացել, որի հիման վրա կկարողանանք գործողություն կատարել»։
Ստացվում է՝ մինչև որևէ մեկը չթունավորվի Սևանից բռնած ձկնամթերքից, չի լինի որևէ փորձաքննություն։ Որևէ կառույց չի էլ պատրաստվում կանխարգելել կանաչած Սևանից ձկնամթերքի որսի հնարավոր վտանգները, որոնք փողոցներում և օբյեկտներում անխնա վաճառվում են։
Դե, իսկ մարդիկ չեն էլ գիտակցում, թե այսօրվա համտեսած ձկից հետո ինչ առողջական խնդիրներ կարող են ձեռք բերել այսօր կամ ապագայում։