ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով Մարդու իրավունքի պաշտպանի հաշվետվության հարակից զեկուցող Էլինար Վարդանյանին, ասաց.
«Հայաստանում այսօրվա դրությամբ կա 13 քաղբանտարկյալ: Դուք ասացիք` վերապահումներ ունեք, նրանք քաղբանտարկյալ են, թե ոչ: Քանի որ հարցը ձեր հանձնաժողովի տիրույթում է գտնվում, անհրաժեշտ է, որ կազմակերպեք լսումներ՝ քաղբանտարկյալները Հայաստանում, կամ նման այլ թեմայով, որպեսզի հանրության համար պարզ լինի, թե որ տեսակետն է հիմնավորված ու ծանրակշիռ: Ես կարծում եմ, որ այստեղ պետք են շատ կոնկրետ գործողություններ, քանի որ քաղաքացիների մոտ կա համոզմունք, որ այդ մարդիկ քաղբանտարկյալներ են , և իրավունք ունեն իմանալու, թե ինչու միջոցներ չեն ձեռնարկվում, որպեսզի այդ մարդիկ ազատ արձակվեն: Մենք գիտենք, որ այսօր կան մարդիկ, ովքեր մարդ են սպանել, և ոչ միայն բանտում չեն, այլև իշխանության կողմից ստանում են բարձրագույն պաշտոններ»:
Պատասխանելով Փաշինյանին, ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանն ասաց.
«Ես կարծում եմ` մենք առաջիկայում կնախաձեռնենք այդպիսի լսումներ: Ինչ վերաբերվում է քաղբանտարկյալների խնդրին, մի միտք հայտնեմ. ՀՀ-ում քրեական գործ հարուցելն ու դատարան հասնելն այլ գործընթացով է ընթանում: Անձին վերագրում են քրեական հոդված, դրանով էլ դատապարտում: ԱԺ-ում մենք պատրաստ ենք առաջիկայում կազմակերպել նմանատիպ լսումներ»:
«Շնորհակալ եմ դրական արձագանքի համար, ուղղակի մի դիտարկում: Խորհրդային ժամանակ էլ քաղբանտարկյալին դատում էին քրեական օրենսգրքով: Բոլոր երկրներում էլ քաղբանտարկյալներին դատում են քրեական օրենքներով: Այսօր էլ իշխող կուսակցության հիմնադիր մի շարք անդամներ դատվել են խորհրդային միության քրեական օրենսգրքով, նույն խուլիգանության մեղադրանքով, որով այսօր մեղադրվում է Շանթ Հարությունյանը»,-եզրափակեց Փաշինյանը: