Նորթրիջի Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայազգի ուսանողները տապալել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին նախապես ծրագրված դասախոսությունը: Այս մասին ասված է Հայ երիտասարդների դաշնության (Armenian Youth Federation) ֆեյսբուքյան էջում:
Դասախոսությունը Հարավային Կալիֆոռնիայում նոյեմբերի 9-13-ը «Աթաթուրքի շաբաթվան» նվիրված միջոցառումների մի մասն էր կազմում: Գիտնական Ջորջ Գաուրիչը դասախոսության մեկնարկից հետո չի հասցրել արտաբերել ավելի քան հինգ նախադասություն իր «Երիտասարդ Աթաթուրքը. Օսմանյան զինվորից մինչև Թուրքիայի ղեկավար» գրքի մասին, երբ ուսանողները ոտքի են կանգնել և մեջքով շրջվել են դեպի դասախոսը: Ուսանողները բարձրաձայնել են. «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության համար», «ցեղասպանության հերքող»:
«Մեր ուղերձը հետևյալն է` դադարեցրեք ցեղասպանության ժխտումը, որը միլիոնավոր կյանքեր է արժեցել: Այս մարդը եկել է այստեղ և պնդում է, թե ցեղասպանություն տեղի չի ունեցել, ինչը կատարյալ աբսուրդ է»,- նշել է բողոքարարներից մեկը:
Change.org կայքում` ուսանողների նախաձեռնությամբ, ստորագրահավաք է սկսվել, որի նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել Թուրքիայում ընդդիմադիր պաշտոնյաների զանգավածային ձերբակալությունների վրա: