Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր մեկնարկեց որոշակի լարվածությամբ: Մինչ օրակարգին անցնելը ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձան «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման փաստին: Սեֆիլյանը, հիշեցնենք, երկու ամսով կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դատապարտեց տեղի ունեցածը, նշելով, որ բոլոր հիմքերը կան պնդելու՝ տեղի է ունենում հերթական քաղաքական հետապնդումը:
«Այս մասին է վկայում այն, որ քրեական գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել, ըստ էության, այն չկա էլ: Դատապարտում եմ քաղաքական հետապնդումները, որոնք իրականացվում են, էսպես ասած, քրեական հոդվածների տանիքի տակ, եւ կարծում եմ՝ Հայաստանի շահերից է բխում օր առաջ ազատվել քաղբանտարկյալ ունեցող երկրի պիտակից»,- ընդգծեց պատգամավորը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ իր հերթին շեշտեց՝ «ազատազրկում են այն մարդկանց, ովքեր պատրաստ են մեկնել ռազմաճակատ եւ ազատագրել հայրենիքը»:
«Մարդկանց կալանավորում են, փաստորեն կալանավորում են հայրենիքի ազատագրումը»,- արձանագրեց Փոստանջյանը:
Շողիկ Գալստյան