Սեպտեմբերի 1-ին` ժամը 10:25-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ ստացվեց, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր ժամանեցին ԱԻՆ-ի աշխատակիցներ, ոստիկանության ներկայացուցիչներ: Մի քանի ժամ տեւած որոնողական աշխատանքների արդյունքում պարզ դարձավ, որ ռումբի մասին ահազանգը կեղծ է:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան, տեղեկատվություն տարածվեց, որ Ազգային ժողովի շենքում ռումբ է տեղադրված: Դարձյալ որոնողական աշխատանքներ կատարվեցին: Մի քանի ժամ անց պարզ դարձավ, որ հերթական ահազանգը եւս կեղծ է:
Ի դեպ, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունում ռումբի առկայության մասին ահազանգ տվել է նախարարության նախկին աշխատակիցը:
Araratnews.am-ը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հետաքրքրվեց, թե իրավապահներին արդյոք հաջողվե՞լ է պարզել կեղծ ահազանգողներին: Լրատվական կառույցից հայտնեցին, որ երկու դեպքի առնչությամբ էլ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական ծառայություն: Քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում:
Հավելենք, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով` ոստիկանությունը լայնածավալ օպերատիվ հետաքննություն է իրականացնում կեղծ ահազանգողներին հայտնաբերելու ուղղությամբ: Մեր տեղեկություններով` ԱԺ-ի շենքում ռումբի մասին ահազանգի վերաբերյալ կա նաեւ կասկածյալ:
Փայլակ Ֆահրադյան