Արմավիրի բժշկական կենտրոնում հունիսի 16-ին մահացած ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ։
Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով հարուցված քրեական գործի շրջանակում արդեն հարցաքննվել են մահացած երեխայի հայրը եւ տատիկը։ Ինչպես նշեց փոքրիկի տատիկը` Կարինե Հովհաննիսյանը, ինքը հարցաքննության ժամանակ նույնպես պնդել է, որ փոքրիկի մահվան մեջ մեղավոր է «Արմավիր» ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի պետ Անահիտ Պետրոսյանը:
«Ես ասել եմ քննիչին, որ երեխու`առաջին անգամ փսխելուց մինչեւ երեխու մահը ընկած ժամանակը եղել է 23 ժամ։ Չեմ կարծումъ 23 ժամվա մեջ մահանար երեխան։ Ինքը մահացել է բժշկուհու ոչ ճիշտ մասնագիտական մոտեցման հետեւանքով։ Երրորդ սիստեման միացրել են ու ամեն ինչ եղել է էդ ընթացքում։ Անգամ երեխու աղիները լվանալուց ասել են` պինդ ա երեխու կեղտը»,– ասաց Կարինե Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որերկրորդ անգամ ստամոքսի լվացում անելուց հետո երեխայի օրգանիզմից ջուրը դուրս չէր եկել, ինչից 10 րոպե անց երեխան մահացել էր։
Հիշեցնենք, որ Անահիտ Պետրոսյանը հերքել էր փոքրիկի հարազատների` իր հասցեին հնչեցված մեղադրանքները։
Հիշեցնենք, որ ըստ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության, հունիսի 16-ի կեսօրին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա բնակիչ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք` մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Երեխայի մահվան պատճառը դեռ պաշտոնապես չի հրապարակվում, կատարվում է դատաբժշկական փորձաքննություն։
Աղբյուրը՝ NEWS.am