տուն Քաղաքական Միջազգային Ջո Բայդենի այցը Անկարա վեր հանեց ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ առկա տարաձայնությունները

Ջո Բայդենի այցը Անկարա վեր հանեց ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ առկա տարաձայնությունները

91
0

zamanԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի այցը Թուրքիա բազմաթիվ ռազմավարական, քաղաքական եւ խորհրդանշական իմաստներ ուներ։ Ամենահատկանշականը թերեւս այն է, որ Թուրքիայի հակաժողովրդավարական քաղաքականության նկատմամբ Օբամայի վարչակազմում աճող քննադատությունն առաջին անգամ հնչել է բարձր մակարդակով եւ դրսում, փոխանցում է Inosmi-ն՝ վկայակոչելով Zaman թուրքական պարբերականը։

Նախքան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ բանակցությունները, Բայդենը հանդիպել էր մի խումբ անկախ լրագրողների եւ ՀԿ ներկայացուցիչների հետ, որոնցից Արդարություն եւ զարգացում կուսակցությունը մեղմ ասած, գոհ չէ։ Սա Անկարայի հասցեին ուղարկած որոշակի ազդակ է։

Մամուլի եւ ՀԿ-ների հետ հանդիպումների ժամանակ Բայդենի կողքին նստած էր Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը. վերջերս նա բացահայտ մտահոգություն էր հայտնել Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումների եւ խաղաղության կոչ անող 1128 գիտնականներին դավաճան համարելու կապակցությամբ։ Սա եւս մեկ ազդակ էր Անկարայի հասցեին։

Բայդենը նշել է, որ Թուրքիայում մամուլի ազատությունը կարող է ընդօրինակելի լինել Մերձավոր Արեւելքի երկրների համար։ «Բայց երբ քննադատող լրագրողներին ահաբեկում են, բանտ նստեցնում, եթե սահմանափակում են համացանցի ազատությունը, արգելափակում YouTube-ն ու Twitter-ը, իսկ ավելի քան հազար գիտնականների դավաճան են անվանում միայն այն պատճառով, որ նրանք ուղերձ են ստորագրել, իրավիճակը դադարում է ընդօրինակելի լինել»,- ասել է Բայդենը։

Սպիտակ տունն անհանգստացած է Թուրքիայում ավտորիտար ռեժիմի միտումների կապակցությամբ եւ վաղուց էր տատանվում, արժի արդյոք ձայնը բարձրացնել Թուրքիայի հետ երկխոսություններում։ Չէ՞ որ ԱԶԿ-ի կողմից բուռն ռեակցիա տալու պարագայում Վաշինգթոնը տարածաշրջանում ռազմավարական կորուստներ կկրի, իսկ Թուրքիան վերջնականապես դուրս կգա գծերից։

Բայդենի դիրքորոշումը ցույց է տալիս, որ վախի այդ շեմը Վաշինգթոնում որոշ առումով հաղթահարել են։ Օբամայի վարչակազմը կարծես թե հասկացել է, որ եթե չվիճարկի ԱԶԿ ռեժիմի գործողությունները, վաղ թե ուշ Թուրքիայում անկայուն իրավիճակ կստեղծվի։

Բայդենի այցը Թուրքիա մատնանշում է ԱՄՆ-ի եւ ԱԶԿ ռեժիմի միջեւ տարաձայնությունների առկայությունը եւ փոխհամագործակցելու անհրաժեշտությունը։ Կողմերի փոխհամագործակցության մասին խոսելիս սիրում են նշել «ռազմավարական գործընկերություն» եզրը, սակայն դա «ակամա գործընկերություն է»,- նշում է պարբերականը։