տուն Լուրեր Ջանք չի խնայվի Հայաստանի եւ Արցախի դեմ ռազմական սպառնալիքները չեզոքացնելու համար. վարչապետ...

Ջանք չի խնայվի Հայաստանի եւ Արցախի դեմ ռազմական սպառնալիքները չեզոքացնելու համար. վարչապետ (տեսանյութ)

126
0

Ազգային ժողովի արտահերթ նիստում ընթանում է «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը: Գործադիրի ղեկավար, հիմնական զեկուցող Կարեն Կարապետյանը, սկսելով ծրագրի ներկայացումը, ընդգծեց՝ այն իրենց թիմի տեսլականն է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության զարգացմանը:

«Ծրագրի մշակման ընթացքում բազում հանդիպումներ եւ առարկայական քննարկումներ ենք ունեցել  Հայաստանի Հանրապետության  նախկին վարչապետների, նախարարների, պետական կառավարման հարուստ  փորձ ունեցող մի շարք քաղաքական գործիչների, հայ եւ օտարերկրյա հայտնի տնտեսագետների, բիզնես աշխարհի ներկայացուցիչների հետ»,- նշեց վարչապետը, հավելելով, որ տեղի են ունեցել նաեւ մանրամասն քննարկումներ ՀՀԿ եւ ՀՅԴ կառույցների հետ:

Ապա Կարապետյանն անդրադարձավ բուն ծրագրին՝ շեշտելով, որ կխոսի միայն կարևոր դրույթներից:

«Կառավարության նպատակն է բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրում գերագույն արժեքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, ապագայի նկատմամբ լավատեսությունը»,- շարունակեց Կարապետյանը, վստահեցնելով, որ Կառավարության խնդիրն է լինելու վեր հանել դրանց հասնելու խոչընդոտները եւ արդյունավետ լուծումներ տալը:

«Թևակոխել ենք տարածաշրջանային զարգացումների նոր փուլ, որը ենթադրում է տնտեսական աճի ցածր տեմպեր մեր անմիջական տնտեսական գործընկերների մոտ` սահմանափակելով ընդհանուր տրենդների հաշվին արագ աճի  հնարավորությունները:

Այս միջավայրում Հայաստանի Հանրապետության տնտեսության առկա կառուցվածքը զարգացման ստանդարտ մոտեցումների դեպքում չի կարող ապահովել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին: Անհրաժեշտ է խորությամբ վերլուծել տնտեսական զարգացման մասին մեր պատկերացումները»,- հավելեց Կառավարության ղեկավարը, նշելով, որ «այդ նպատակով կառավարության առջև դրված է պահանջ՝  տնտեսության վիճակի հստակ ախտորոշում»:

Մանրամասները՝ տեսանյութում: