Հայտնի իսրայելացի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախօրեին կյանքից հեռացած Շառլ Ազնավուրին նվիրված տեսահոլովակ. այս մասին հաղորդել է РУСАРМИНФО-ն:
«Ոչ բոլորը գիտեն, որ մաեստրոն ու իր ընտանիքը գերմանացիների կողմից Փարիզի օկուպացիայի տարիներին փրկել են հրեաների: Նրանք իրենք Թուրքիայից փախստականներ էին: Եվ իրենք էլ փրկվել էին: Չէ՞որ 1915 թվականին Թուրքիայում ոչնչացրել են հայերին: Նրանք փրկվել էին և, հայտնվելով Փարիզում, փրկել հրեաներին: Սա այն է, ինչ մենք պետք է իմանանք Ազնավուրի մասին: Սա հավերժ հիշողություն է»,- ասել է Ավիգդոր Էսկինը:
Քաղաքագետը նաև կոչ է արել տարբեր իսրայելական կազմակերպություններին միանալ Իսրայելի իշխանություններին ուղղված իր առաջարկին՝ սրբազան հողում բացելու Շառլ Ազնավուրի հուշահամալիր՝ ի հիշատակ 1915 թ. ցեղասպանության զոհերի:
Ավիգդոր Էսկինի կարծիքով՝ հուշահամալիրի բացումն ավելի կարևոր է, քան Իսրայելի Քնեսետում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի առաջմղումը: