տուն Լուրեր Իսպանիայում տեղի է ունեցել Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

Իսպանիայում տեղի է ունեցել Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

161
0

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են. Միսլատայի մշակույթի տանը տեղի ունեցավ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի իսպաներեն տարբերակի շնորհանդեսը:

«El libro de los susurros» գիրքն արդեն երրորդ անգամ է հրատարակվում Սերվանտեսի լեզվով, սակայն առաջին անգամն է, որ շնորհանդեսը կազմակերպվում է հայկական կազմակերպության նախաձեռնությամբ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այս հերթական միջոցառումը լավագույն առիթներից մեկն է ո՛չ միայն հայ ժամանակակից գրականությունն օտարազգիներին ծանուցելու, այլև ներկայացնելու մեր բազմադարյա պատմությունն ու մշակույթը, մեր ազգի կրած ամենածանր վիշտը՝ ցեղասպանությունը, հիշեցնելու աշխարհին: Եվ հատկապես չափազանց կարևոր է գրքի իսպաներեն թարգմանությունը՝ հաշվի առնելով ավելի քան 500 միլիոն իսպանալեզու ընթերցարանը:

Շնորհանդեսը, որը սկսվեց մեկ րոպե լռությամբ և որին ներկա էին ավելի քան 100 հանդիսատես՝ հայեր, իսպանացիներ, ռումինացիներ և այլազգի ներկայացուցիչներ, անցավ անհամեմատ ջերմ մթնոլորտում: Ներկա էին Միսլատայի քաղաքապետարանի Մշակույթի խորհրդական Պեպի Լուխանը, Ժողովրդական և Ձախ Միություն կուսակցությունների խոսնակներ Խայմե Բրոնչուդը, Պեպա Սաենսը, Անտոնիո Սանչիսը, Սալվադոր Գարսիան, Վալենսիայի ոստիկանապետ Լեոպոլդո Բոնիասը, Միսլատայի Միջազգային Մարդասիրական Միության նախագահ Ռամիրո Մոնտոյան, գրքի թարգմանիչ Խոակին Գառիգոսը, խմբագիր Մանուել Մարտինեսը և այլոք:

Բացման խոսքով հանդես եկավ հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով նախ ներկայացրեց հեղինակին և ապա հակիրճ՝ գրքի պարունակությունը: Այնուհետև խուսք առավ հեղիանկը՝ Ռումինիայի Էկոնոմիկայի նախկին նախարար, այդ երկրի հայ համայնքի կառկառուն ներկայացուցիչ Վարուժան Ոսկանյանը: Նա ներկայացրեց գիրքը գրելու մտահղացումը, անցած ճանապարհն ու ժամանակահատվածը, այդ ճանապարհին հանդիպած դժվարություններն ու դրանք լուծելու բուռն ցանկությունն ու ջանքերը:

Խոսք ունեցավ նաև թարգմանիչ Խոակին Գառիգոսը, ով նշեց, որ համոզվելու համար, որ գրքի կերպարները, ժամանակն ու միջավայրն իրական են, «հարկ է եղել ճանապարհորդել հեղինակի ծննդավայր, տեսնելու և զգալու գրքում ներկայացված ամեն մի մանրուք»: Նախքան հարց ու պատասխանին անցնելը, եզրափակիչ խոսքով հանդես եկավ Պեպի Լուխանը, ով նախ շնորհակալություն հայտնեց Արարատ Հայկական Միությանը, «մեր քաղաքի կյանքը բազմաբովանդակ ու բազմամշակույթ դարձնելու համար» և այնուհետև, հեղիանկին, «մեր քաղաք այցելելու և այս հրաշալի աշխատությունը մեզ ներկայացնելու համար»: «Այս գիրքն այլևս Միսլատայի գրադարանում է և մեր ընթերցողների սեղանին»,- եզրափակեց իր խոսքը Լուխանը:

Արարատ Հայկական Միություն Վալենսիա (Իսպանիա)