«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մահապատժի է ենթարկել ռուս ինժեներ Սերգեյ Գորբունովին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Վերջին տեսանյութը, որում հայտնվել էր Գորբունովը, հապարակվել է 2013թ.-ի դեկտեմբերին: «Ինձ հետ լավ են վերաբերվում, սնունդ են տալիս, սակայն եթե 5 օր հետո ինձ չփոխանակեն Սաուդյան Արաբիայից Հալիդ Սուլեյմանի հետ… ապա ինձ կսպանեն: Ես դիմում եմ Սիրիայի, Ռուսաստանի նախագահներին և Կարմիր խաչին… ես շատ եմ վախենում», — տարածված հոլովակում ասում էր Գորբունովը:
Այժմ նշվում է, որ ռուս ինժեներն այլ գերիների հետ ոահվում էր Սիրիայի Ռաքքա քաղաքում: Նրա մահապատիժը տեսանկարահանվել է, և այժմ այդ տեսանյութը ցուցադրվում է այլ գերիներին:
Այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:
Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի և դաշնակից երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների ու Մեծ Բրիտանիայի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 23-ից իսլամիստների դիրքերին հարվածներ են հասցվում նաև Սիրիայում: