Եթե դեսպանությունները հայտարարում են, դա Հռոմի պապը չէ, որպեսզի սրբությամբ ընդունենք: Կարող ենք նաև հակադարձել, պարզապես մենք էլ մեր քաղաքականությունն ունենք: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հերթական անգամ հայտարարություն էր տարածել՝ կապված Սահմանադրական հանրաքվեի հետ:
Լրագրողներից մեկը հարցրեց. «Աջափնյակում ընտրակեղծարարության մեջ շոշափվում էր Ձեր և Ձեր որդիների անունները, մտավախություն չունե՞ք, որ դեսպանատունը Ձեզ կզրկի վիզայից»։ «Իմ և իմ որդիների անունը չի կարող շոշափվել: Ես գիտեմ, հանիրավի, որ Հայաստանում ինչ-որ տրադիցիա է դարձել, որ ինչքան մեծ դերակատարում, այնքան մեծ հոշոտում: Այնպես որ Աջափնյակում ամեն ինչ կարգին է: Իսկ, եթե խախտումներ են կատարվել, և, եթե ես Աջափնյակի բնակիչ եմ, չեմ կարծում, որ հենց դրա համար է խախտում եղել: Եթե ընդհանուր խախտում է եղել, ապա դրա համար կկրեն պատասխանատվություն»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը:
Մեր հարցին, թե, փաստորեն, ԱՄՆ դեսպանի հայտարարությունը հերթական ապտակն էր ՀՀ իշխանություններին, ԱԺ նախագահը նշեց, որ իշխանություններին որևէ մեկը չի պատրաստվում ապտակել, «եւ երկրորդն էլ՝ Հայաստանի իշխանություններին ապտակը կարող է վերաբերվել հայոց պետությանը: Այնպես որ զերծ մնացեք անտրամաբանական հայտարարություններից»: Իսկ այն հարցին, թե ՀՀ իշխանությունները մտավախություն չունե՞ն, որ ԱՄՆ դեսպանատունը կարող է ընտրախախտների «սև ցուցակ» կազմել, վիզաների, գրանտների հատկացումը մերժել, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանին որևէ մեկն այնքան գրանտներ է տալիս, և դա այն արժևորումն է, որ Հայաստանում շատ մեծ օգուտներ է տալիս ու, եթե չտան, շատ մեծ վնասներ կլինեն: Այդ գրանտները տրվելու են, դրանք ոչ թե տալիս են մեկ ուղղվածության օգնության, դրանց մեջ նաև քաղաքական ընդերք կա, իսկ քաղաքական ընդերքը երբեք չի պակասում»: