«Ես չգիտեմ Ազգային միաբանությունը ի՞նչ կուսակցություն է, ո՞ւմ է ներկայացնում և ի՞նչ իրավական գիտելիքներ նրանք ունեն, դրա համար անհայտ ծագում ունեցող կառույցների տեսակետները չեմ քննարկում և ինձ բացարձակ հետաքրքիր չէ»,-Aravot.am-ի հարցին՝ համամի՞տ է արդյոք «Ազգային միաբանություն կուսակցության» այն պնդմանը, որ պետք է վերանայել ընտրությունների անցկացման ժամկետը և այն դարձնել 5-ի փոխարեն 2,5 տարին մեկ անգամ և նույն տարում անցկացնել և′ խորհրդարանական, և′ նախագահական ընտրություններ, այսպես պատասխանեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի տնօրեն Ստեփան Դանիելյանը: Նշենք, որ «Ազգային միաբանությունն» այն կուսակցություններից է, որոնք Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացրել ենք սահմանադրության հայեցակարգի վերաբերյալ իրենց դիտողությունները: Ստեփան Դանիելյանը նշեց, թե «նման կուսակցության գոյությունը ինձ համար անհասկանալի է և կարծիքը ոչինչ չի նշանակում»: Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ պարոն Դանիելյանն ասաց, որ «ՀՀ խնդիր ոչ թե սահմանադրական փոփոխություններն են, այլ անօրինական ընտրությունները» ու հավելեց. «Մինչև ընտրությունների օրինական անցկացման հիմք չլինի, որևէ սահմանադրական փոփոխության քննարկումը անիմաստ է»: Դառնալով առաջարկություններով հանդես եկող կուսակցություններին՝ պարոն Դանիելյանը նշեց. «Նման առաջարկություններ անողները ուղղակի գործող իշխանության կլիենտուրան են, որոնք սատարում են ընտրական կեղծիքների համակարգին: Արդեն իսկ գնալ քննարկման, դա նշանակում է սպասարկել: Ովքե՞ր են այդ Ազգային միաբանություն կուսակցությունը, որ որևէ առաջարկ, որևէ մեկին ներկայացնեն»: Մեր այն դիտարկմանը, թե նման «անհայտ» կուսակցությունների միջոցով փաստորեն իշխանությունները փորձում են ցույց տալ, թե Վենետիկի հանձնաժողովի շեշտած «քաղաքական կոնսոլիդացիան» գոյություն ունի՞, Ստեփան Դանիելյանն արձագանքեց. «Սրանք կեղծ քաղաքական գործընթացներ են, և երկրի ճակատագրով մտահոգ մարդիկ չպետք է սրանով զբաղվեն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/05/18/572909/