Այսօր Գործադիր մարմնի նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին խնդրեց պարզաբանելˋ ինչո՞ւ են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն անհանգստացած. չէ՞ որ իրենց աշխատավարձերը վճարվելու են:
Նախարար Երվանդ Զախարյանը նախ նշեց, որ արդեն ակնհայտ է ˋ նաիրիտցիների պարտքը վճարելու հնարավորություն կա, սակայն աշխատակիցներն առարկություններ ունեն:
«Աշխատավարձի հաշվարկների հետ կապվածˋ դիմում-բողոքներ են եղել, այժմ ուսումնասիրություններ են կատարվում, երկու օր հետ կավարտվեն: Մենք կարող ենք խումբ-խումբ վճարել, բայց նաիրիտցիները դեմ են, պահանջում են միանգամից վճարել, բայց իրենք այդ դեպքում ստիպված կլինեն սպասել»,- պարզաբանեց նախարարը:
Վարչապետը, սակայն, ընդահատեց նախարարին` դժգոհելով վերջինիս խոսքից. «Շատ բարդ խոսեցիք, շատ բարդ: Խոսքն ինչո՞ւմն է , որ ուղղակի ավարտեք փաստաթղթերի պարզաբանման գործընթացն ու աշխատավարձերը միանգամիցˋ մեկ օրում վճարենք »:
«Մենք էլ ասում ենքˋ այդ դեպքում պետք է սպասեն»,- արձագանքեց Երվանդ Զախարյանը:
Վարչապետի եւ նախարարի զրույցն մասնակցեց ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը` նկատելով, որ նաիրտցիները կառավարության հանդեպ վստահություն չունեն:
«Նաիրիտցիներն ասում ենˋ վճարեք մաս-մաս, 200 հոգու կտաք, հետո կասեք`գումար չկա, վերջացել է: Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ»,- ասաց ԱԱԾ պետը:
«Մենք հայտարարում ենք, եթե կսպասեն մինչև ամսվա վերջ, ապա մինչև ամսվա վերջին միանգամից կվճարեք, եթե ոչ` ապա մաս-մաս կվճարենք»,- կրկին պնդեց Երվանդ Զախարյանը:
Վարչապետն էլ ասացˋ թող որոշեն ու հայտնեն իրենց որոշման մասին: