Այս տարվա աշնանը Գյումրիում նախատեսված են քաղաքապետի ընտրություններ: Ովքե՞ր կառաջադրեն իրենց թեկնածությունները հանրապետության երկրորդ քաղաքի ղեկավարի աթոռը զբաղեցնելու համար: Մամուլում արդեն իսկ հրապարակումներ կան, որ հիմնական մրցակցությունը կընթանա Գյումրու գործող քաղաքապետ, ժամանակին ՕԵԿ-ից, հետո նաեւ ԲՀԿ-ից հեռացած Սամվել Բալասանյանի, մի քանի կուսակցություն փոխած, ներկայումս անկուսակցական Մարտուն Գրիգորյանի եւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջեւ:
ԶԼՄ որոշ հրապարակումների համաձայն՝ իշխանությունների «դաբրոն» արդեն իսկ ստացել է Մարտուն Գրիգորյանը: Որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը՝ պարզ կդառնա առաջիկայում: Ակնհայտ է մեկ բան, Գյումրին եւ գյումրեցիներն ապացուցել են, որ այստեղ ընտրություն կատարողը դե ֆակտո իրենք են, որ իշխանություններին՝ տոկոս խփել եւ յուրային թեկնածուին ընտրություններում «սղացնել»՝ իրենք թույլ չեն տա:
Այժմ այն մասին, թե ովքեր են քաղաքապետի հիմնական թեկնածուներն ու ինչ քաղաքական ճանապարհ են անցել:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հաջողվեց քաղաքի ղեկավարի պաշտոնում «ընտրվել» հինգ անգամ: Ղուկասյանը 13 տարի մնաց Գյումրու քաղաքապետի պաշտոնում, սակայն բնավ ոչ այն պատճառով, որ գյումրեցիների նախընտրելի քաղաքապետն էր, այլ այդպես էր ցանկանում իշխանությունը: Ղուկասյան Վարդանը տարիներ շարունակ հլու հնազանդ կատարում էր իշխանությունների հրահանգը, սակայն 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները նախկին քաղաքապետի համար ճակատագրական եղան. Գյումրիում իշխանության թեկնածու Արման Սահակյանը պարտվեց Մարտուն Գրիգորյանին, արդյունքում պատժվեց Վարդան Ղուկասյանը: Սերժ Սարգսյանը նրան քաղաքականությունից հեռացրեց՝ ասպարեզ իջեցնելով նախկին ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին:
2012 թվականին տեղի ունեցած Գյումրու քաղաքապետի ընտրություններում «հաղթեց» Սամվել Բալասանյանը: Վերջինիս ճակատին, ինչպես հայտնի է, դաջված էր ՕԵԿ, սակայն Բալասանյանը լքեց ՕԵԿ-կաններին՝ հանգրվանելով ԲՀԿ-ում: Գյումրու քաղաքապետի ընտրություններում, սակայն, Բալասանյանին առաջադրեց Սերժ Սարգսյանը: Նախորդ տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո Բալասանյանի ճակատից ԲՀԿ-ն եւս ջնվեց, այդ կերպ տեղ բացելով նոր «գրառման» համար:
Փետրվարյան զարգացումներից հետո ԲՀԿ-ն լքեց նաեւ Մարտուն Գրիգորյանը, այդ կերպ իր հավատարմությունը հայտնելով Սերժ Սարգսյանի իշխանությանը: Նախկինում այլընտրանքային կարգավիճակով հանդես եկող Գրիգորյանի եւ իշխանությունների հարաբերությունները ջերմացան, ջերմացան այն կարգի, որ իր տոնական օրն անգամ Մարտուն Գրիգորյանը չի պատկերացնում առանց իշխանական էլիտայի ներկայության. օրեր առաջ Մարտուն Գրիգորյանը Գյումրիում նշել է իր ծննդյան 35-ամյակը, որին ներկա են եղել նաեւ մի շարք պատգամավորներ ԲՀԿ-ից եւ ՀՀԿ-ից: Հրավիրվածների շարքում է եղել նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Այս ամենը, մեկ անգամ եւս առիթ տվեց որոշ շրջանակների՝ տեղեկություններ տարածել, թե Գյումրիի հաջորդ քաղաքապետի ընտրությունն արդեն իսկ կայացած է:
Սակայն, ինչպես արդեն նշել էինք, Գյումրիում իշխանության «դաբրոն» չի անցնում: «Խիարը թարս բուսնելու» հատկություն էլ ունի: Ամեն դեպքում, ժամանակին այդպես էր ասել Սերժ Սարգսյանը:
Փայլակ Ֆահրադյան