ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Հայաստանի իշխանություններին հանրապետության օրենսդրությունում ամրագրել ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակը, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն օրինական ճանաչվեն Ռուսաստանի տարածքում: Նման առաջարկություն Վոլոդինն արել է ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը: Ուշագրավն այն է, որ ՌԴ Պետդումայի խոսնակի առաջարկության մասին հայկական մամուլը տեղեկանում է ռուսական լրատվամիջոցներից: ԱԺ-ի լրատվականը բավարարվել էր տեղեկացնել միայն Բաբլոյան- Վոլոդին հանդիպման արարողակարգային մասը:
Միայն ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներից հետո իշխանական էլիտայի ներկայացուցիչները սկսեցին հարցազրույցներ տալ, հայտարարելով, թե ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա եւ չի նախատեսվում։
Araratnews.am-ը ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչպես է արձագանքել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ի պատասխան Բաբայանն ասաց. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղում հակադարձեց, պնդելով, որ ՀՀ օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում։ Հայաստանի բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է վարորդության համար։ Կողմերը պայմանավորվեցին հարցին անդրադառնալ ապագայում»:
Նկատենք, որ Ռուսաստանում 2017 թ․ հունիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է ՌԴ-ում աշխատել ազգային վարորդական իրավունքով: Իսկ հուլիսի 14-ին ընդունված մեկ այլ օրենքով ՌԴ տարածքում ճանաչվում է ԵԱՏՄ մի քանի անդամ երկրների քաղաքացիների ազգային վարորդական իրավունքը: Խոսքն այն անդամ երկրների մասին է, որոնցում ռուսերենն ունի պաշտոնական կարգավիճակ: Այսինքն` Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի քաղաքացիներին ՌԴ-ը թույլ է տալիս իր երկրում վարորդ աշխատել այդ պետությունների վարորդական իրավունքներով, բայց Հայաստանի քաղաքացիներին՝ ոչ:
ՀՀ վարորդական իրավունք ունեցող քաղաքացիները ո՞ր դեպքերում կտուգանվեն: Araratnews.am-ի հետ զրույցում ՀՀ ճանապարհային ոստիկանությունից հայտնեցին, որ 1968 թ. նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում) բոլոր երկրներում: «Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների Ռուսաստանի Դաշնության տարածքում վարել տրանսպորտային միջոցներ ինչպես Հայաստանի Հանրապետության ազգային, այնպես էլ միջազգային (ազգայինի հետ միասին) վարորդական վկայականներով: Իսկ ինչ վերաբերում է որևէ երկրի տարածքում անմիջականորեն տրանսպորտային միջոց վարելու հետ կապված ձեռնարկատիրական և (կամ) աշխատանքային գործունեության իրականացմանը (օրինակ՝ տաքսու կամ երթուղային ավտոբուսի վարորդ կամ առաքիչ աշխատելը), ապա այդ դեպքում վարորդական վկայականի կիրառության հարցը կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ»,- պարզաբանեցին ՃՈ-ից:
Փայլակ Ֆահրադյան