Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է պահպանեն միջուկային զենքի կրճատման պարտավորությունները: Արաքչին այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի կողմից հնչեցված` Գերմանիայի «Բյուխել» ռազմաօդային բազայում միջուկային ռումբեր տեղակայելու պատրաստակամության համատեքստում, հաղորդում է Sputnik գործակալությունը:
«Անկասկած, մեզ անհանգստացնում են այս ոլորտում բոլոր տատանումները և հույս ունենք, որ միջուկային զենք ունեցող բոլոր կողմերը կկատարեն իրենց պարտավորությունները»,-ասել է Արաքչին` պատասխանելով ամերիկյան միջուկային ռումբերի` Գերմանիայի տարածքում հնարավոր տեղակայման մասին հարցին:
Անցած շաբաթ գերմանական հեռուստաալիքներից մեկը, հղում անելով ԱՄՆ ռազմական բյուջեի փաստաթղթերից մեկին, հայտնել էր «Բյուխել» ռազմաօդային բազայում միջուկային ռումբերի հնարավոր տեղակայման մասին: Գերմանիայի ՊՆ-ն այս լուրը չի մեկնաբանել, իսկ Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ն ոչ մի պարտավորություն չի խախտում: