Իրանի արտգործնախարարությունը պատասխանել է Էրդողանի այն հայտարարությանը, որտեղ վերջինս մեղադրել էր Թեհրանին Իրաքը և Սիրիան մասնատելու մտադրություն ունենալու մեջ` խոսքի մեջ օգտագործելով «պարսկական ազգայնականություն» եզրույթը:
Ըստ թուրքական Doğan լրատվական գործակալության` Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքում Իրանի ներկայությունը հիմնված է այդ երկրի օրինական իշխանության խնդրանքի վրա և նպատակ ունի պայքարել այն ահաբեկչությանը դեմ, որի վատ հետևանքները բազմիցս թափանցել են մինչև Թուրքիայի սիրտը:
«Իրանի առաջնահերթությունը տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովումն է: Այս խնդիրը չի կարող լուծվել առանց տարբերելու ահաբեկիչներին աջակցող քաոսի դերակատարներին և իրական կայունություն ցանկացողներին:
Տարածաշրջանի առաջնորդների շարքում պարոն Էրդողանը ամենից լավը պետք է իմանա տարածաշրջանում ու հատկապես Իրաքում Իրանի կառուցողական դերի մասին:
Մտահոգիչ է տարածաշրանի ահաբեկչական խմբավորումներին բացահայտ կամ գաղտնի կերպող աջակցելն ու օգտագործելը, հարևան երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չհարգելը, որոնք էլ դառնում են տարածաշրջանի անկայունության շարունակման պատճառ»,- ասված է հայտարարության մեջ: