Քրդական զինված խմբավորման գրոհայինները («փեշմերգա») ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ՌՕՈւ-ի աջակցությամբ «Իսլամական պետությունից» ազատագրել են Իրաքի և Սիիայի սահմանագծին գտնվող ընդարձակ մի տարածք, որտեղ պաշարված էին բազմաթիվ փախստականներ: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Ինչպես հայտարարել է Իրաքյան Քրդստանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մասրուր Բարզանին, քուրդ զինվորականներին հաջողվել է հասնել Սինջար լեռան ստորոտներին, ուր արդեն մի քանի ամիս շարունակ ապաստանել են փախստականները:
«Այժմ մարդասիրական միջանցքը բաց է, և մենք հույս ունենք, որ Սինջար լեռան շրջանի մնացած հատվածը ևս շուտով կազատագրվի «Իսլամական պետությունից», — հայտարարել է Բարզանին՝ հավելելով, որ գործողության ընթացքում 100 իսլամիստ է ոչնչացվել:
Ավելի վաղ միջազգային կոալիցիայի հրամանատար Ջեյմս Թերին լրագրողներին հաղորդել էր, որ քրդերը կարողացել են Սինջարի շրջակա հատվածներում 100 քառակուսի կիլոմետր ազատագրել: