տուն Լուրեր Իրական հերոսներն ու հակահերոսները. Պատերազմական սելֆի

Իրական հերոսներն ու հակահերոսները. Պատերազմական սելֆի

212
0

selfi

Հայ ազգն այլեւս «մտահոգվելու» առիթներ չունի. առաջնագծում է գտնվում «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանը: Ամեն դեպքում, առաջնագծում գտնվելու մասին  խոսում է Ասրյանի զինվորական համազգեստով լուսանկարը: Այն, որ ապրիլյան չորսօրյա պատերազմը շատերի համար վերածվել է առաջնագծում «սելֆի» անելու յուրահատուկ  տարածքի՝ այլեւս անվիճելի է: Վերջերս, օրինակ, համացանցում տարածվեց Սյունիքի հայտնի  մարզպետ Սուրիկ Խաչատրյանի լուսանկարը՝ սահմանից: Խաչատրյանը «կամուֆլյաժ» էր հագել եւ գնացել առաջնագիծ:  Խաչատրյանը նաեւ լուսանարիչներ էր տարել հետը, որպեսզի հենց «խփի» հակառակորդին՝  հայ ազգը տեսնի եւ ուրախանա, իսկ թուրքն էլ, բնականաբար, տխրի: Հետո Խաչատրյանի՝ բանակում չծառայած որդին հագավ զինվորական համազգեստ եւ մեկնեց առաջնագիծ:

Հիմա անդրադառնանք Խաչիկ Ասրյանին: Վերջինս ինչպես հայտնի է համարվում է Սերժ Սարգսյանի հովանավորյալը, պատեհ-անպատեհ առիթով էլ երդվում Սարգսյանի անունով: Մեր ունեցած տեղեկություններով Ասրյանը Սարգսյանի սանիկն է, եւ ՀԿ-ն էլ պահում է քավորի փողերով: Այս ամենին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում:

Այժմ այն մասին, թե ինչու՞ է Ասրյանը առաջնագիծ մեկնում: Եթե նրա նպատակն է սատար կանգնել հայ զինվորին, կռվել հակառակորդի դեմ, ապա այն միայն ու միայն ողջունելի է: Սակայն դատելով Ասրյանի՝ առաջնագծից հասնող լուսանկարներից, կարելի է փաստել, որ նա պարզապես որոշել է մյուսներից հետ չմնալ եւ «անմահանալ» հայկական երկրորդ հանրապետության բարձրադիր լեռներում: Չի բացառվում, որ Ասրյանին ոգեւորել է Սուրիկ Խաչատրյանի, կամ ասենք Սամվել Ալեքսանյանի ինքնալուսանկարները՝ «սելֆիները» առաջնագծից:

Իրավիճակն առաջնագծում դեռ լարված է: Շատ պաշտոնյաներ  այս օրերին դարձյալ կայցելեն սահման՝ հայտարարելու, որ կանգնած են հայկական բանակի, հայ զինվորի ու սպայի կողքին: Այդ ամենին զուգահեռ, չեն մոռանա խոշոր պլանով լուսանկարել իրենց տարած օգնությունն ու վերջում էլ «սելֆի» անել:

Միակ մարդը, ով առաջնագծից սելֆի չունի, դա ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ է:

Մեկ անգամ եւս մաղթում ենք Հայ Զինվորին խաղաղ ծառայություն:

Փայլակ Ֆահրադյան