տուն Լուրեր Իրական հայրենիքը գերադասել պատմական հայրենիքից

Իրական հայրենիքը գերադասել պատմական հայրենիքից

321
0

Ամուսլարի հանքի շահագործումը  թոփ թեմաների  շարքում  կարծես թե առաջին շարքում է: Չնայած «Էլարդ» ընկերության եզրակացությանը հանքի շահագործման հնարավորության մասին եւ կառավարության ղեկավարի հայտարարությունը,  քննարկումները շարունակվում են: Ընդ որում, ինչպես գրել էինք նախորդ հրապարակումներից մեկում,  հանքի շահագործումը դարձել է  ոչ միայն քաղաքական շահարկումների առիթ, այլեւ ոմանց համար ինքնադրսեւորվելու թեմա:

Հանքի շահագործման քննարկումների մի «շերտ» է նաև  արտերկրում ապրող մեր հայրենակիցների արձագանքը, ընդ որում՝ թե ռուսաստաբնակ, թե այսպես ասած ամերիկաբնակ հայերն  իրենց  դժգոհությունը հայտնեցին: Նրանցից մեկն էլ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն է, որը եւս դեմ է հանքի շահագործմանը եւ ընդհանրապես հանքարդյունաբերությանը:

Սփյուռքահայ մեր հայրենակիցների  կարծիքը, անխոս, խոսքը կարևոր է մայր հայրենիքի իրադարձությունների մասին: Սակայն երբ հնչում է մտահոգություն, քննադատություն այս կամ երեւույթի՝ այս դեպքում Ամուլսարի հանքի շահագործման մասին, հարց է առաջանում՝ արդյոք Սերժ Թանկյանը կամ որեւէ այլ սփյուռքահայ մանրակրկիտ ծանոթացել է «Էլարդի» եզրակացությանը, այն  մասնագիտորեն վերլուծել՝ իր խոսքը հիմնավոր դարձնելու համար:

Երկրորդ՝ արտերկրում ապրող մեր հայրենակիցները, երբ  քննադատում են  հանքի շահագործումը, անհասկանալի է՝ լուծման ի՞նչ տարբերակներ են առաջ քաշում: Ի վերջո, ճառ ասելը հեշտ է, զանգ կախելն է դժվար:

Տպավորություն չստեղծվի, թե չենք գնահատում Սփյուռքի օժանդակությունը կամ  հակված ենք մտածելու, որ արտերկրում ապրելով  հնարավոր չէ օգնել հայրենիքին:

Գերմանացիները, օրինակ, որեւէ ապրանք գնելիս միշտ հարցնում են՝ գերմանակա՞ն է: Թվում է, թե սա սովորական մի նախադասություն է, բայց իրականում պետականամետության մի ամբողջ դրսեւորում է եւ հարգանքի արժանի: Կարո՞ղ են սփյուռքահայերը եւս այսկերպ դրսեւորել իրենց աջակցությունը՝ գնելով, պրոպագանդա անելով հայկական արտադրանքը:  Աջակցության մեկ այլ օրինակ էլ կարող է լինել սփյուռքի ֆինանսական միջոցները հայկական բանկեր տեղափոխելը, քանի որ եվրոպական մի շարք բանկերում քաղաքացին է վճարում պետությանը  դրամական միջոցները պահելու համար: Իսկ Հայաստանում դրա դիմաց որոշակի փոխհատուցում է տրվում:

Եւ վերջում: Արձակագիր Վանո Սիրադեղյանը մի հանճարեղ խոսք ունի՝ հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Արդյոք ժամանակ չէ այս թեզը, որը ցավոք սրտի, տասնամյակներով դարձել է մտածողություն,  աստիճանաբար փոխվի: Բոլորս սկսենք խնամք ու հոգածություն դրսեւորել իրական հայրենիքին՝ ունենալով մեր ներդրումը երկրի զարգացմանը: Առաջին քայլը Հայաստան վերադառնալն է, որը բազմիցս կրկնել է  նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2018 թ-ի թավշյա հեղափոխությունից հետո երկրի կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հայտարարեց. «Վերադարձի ժամը եկել է: Իմ վարչապետ ընտրվելն ինքնաբերաբար կնշանակի ձեզ հայտնի բոլոր տեսակի խոչընդոտների ու ապօրինությունների վերացում: Հայաստանի տնտեսական դաշտը սպասում է ձեր ներդրումներին»:

Եւ ուրեմն, հարգելի՛ սփյուռքահայեր,  վերադարձե՛ք Հայաստան ձեր ֆինանսատնտեսական ռեսուրսներով, կարողություններով, ձեր ընտանիքով, դարձե՛ք Հայաստանի քաղաքացի, որպեսզի  միահամուռ ուժերով  կերտենք իրավական, զարգացած այն պետությունը, որի մասին երազել բաժակաճառերով խոսել եք արտերկրում տասնամյակներ շարունակ՝ օտարի կարգավիճակում: Ժամն է դա ի կատար ածելու, հակառակ դեպքում հեռվից քննադատությունները, տաքուկ անկյունում հայրենիքը սիրելը  ծնում է հետեւյալ հարցը՝ ո՞վ եք դուք եւ ի՞նչ եք ուզում: