IQOS-ի վաճառքը պաշտոնապես մեկնարկելուց հետո Հայաստանում արտադրանքի մասին սկսեցին տարատեսակ առասպելներ հայտնվել՝ սկսած նրանից, թե իբր IQOS էլեկտրոնային սարքերը թույն են արտադրում, մինչև այն, որ IQOS-ը օգնում է ծխելն ընդհանրապես թողնելուն։ Ժամանակի ընթացքում առասպելները հերքվեցին, իսկ ստորև ներկայացնում ենք IQOS-ի՝ ծխախոտից ավելի վնասակար լինելու առասպելը հերքող գիտական հիմնավորումը։
Իրականում պարզվում է, որ IQOS էլեկտրոնային սարքերի շնորհիվ (որոնք նախատեսված են բացառապես ծխելու վնասակար սովորությունն ավելի անվնաս այլընտրանքով փոխարինելու համար) հնարավոր է խուսափել այրման հետևանքով առաջացած մեծ քանակությամբ վնասակար քիմիական տարրերի օրգանիզմ ներթափանցելուց։ IQOS էլեկտրոնային սարքերում թութունը չի այրվում, ինչպես սովորական ծխախոտում, այլ միայն տաքանում է:
IQOS արտադրությամբ զբաղվող Philip Morris ընկերությունը ներդրել է գիտական գնահատման խստապահանջ ծրագիր, որպեսզի մշակի ու չափահաս ծխողներին ներկայացնի ծխախոտի համեմատ ավելի անվնաս արտադրանք։ Հետազոտությունները փաստում են, որ IQOS գոլորշին ներս քաշելիս մարդը 90 տոկոսով ավելի քիչ վնասակար նյութեր է ստանում, քան ծխախոտի ծուխը ներս քաշելիս։
Հարկ է նշել, որ IQOS-ի, ինչպես նաև առանց ծուխ այլ արտադրատեսակների վերաբերյալ ուսումնասիրություններ են անցկացվել ոչ միայն արտադրողների, այլև անկախ փորձագիտական կառույցների ու առողջապահական մարմինների կողմից։
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այրվելու ընթացքում ծխախոտն արտազատում է ծուխ, որում առկա են նույնիսկ փոքր խտություններով անչափ թունավոր նյութեր: Մարդու օրգանիզմի (արյան, թոքերի, լյարդի) մեջ հայտնվելով՝ ծուխի մեջ առկա այդ նյութերը կարող են հիվանդություններ առաջացնել։
Ի հեճուկս ծխախոտին՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Գերմանիայում ու Ճապոնիայում կատարած ուսումնասիրությունները հաստատում են, որ առանց այրման նիկոտինի մատակարարումը մարդու օրգանիզմ ավելի անվնաս է։
Օրինակ, Մեծ Բրիտանիայի գիտության ու տեխնոլոգիաների կոմիտեի գիտնականները հետազոտություն են հրապարակել, որտեղ նշվում է․ թութունի տաքացման համակարգերի արտանետած գոլորշու մեջ հիմնական քաղցկեղածին տարրերի մակարդակը ծխախոտի ծխի հետ համեմատած զգալիորեն քիչ է: Քանի որ IQOS-ը ոչ թե այրում է թութունը, այլ տաքացնում է այն, առաջանում է ոչ թե ծուխ, այլ գոլորշի։
Մեկ այլ հեղինակավոր կառույց՝ Ռիսկերի գնահատման Գերմանիայի դաշնային ինստիտուտը (BfR), եկել է նույն եզրահանգման։ Հետազոտությունը, փաստորեն, ցույց է տվել, որ IQOS համակարգը կարող է ավելի անվնաս լինել, ինչպես և հայտարարվում էր Ֆիլիպ Մորրիսի կողմից:
Ի վերջո, ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչության զեկույցում նշվում է, որ թութունի տաքացման համակարգերի արտազատած գոլորշու բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ավելի քիչ է։
Փաստորեն, առանց ծուխ ապրանքները ավելի անվնաս են, քան ծխախոտը։ Այնուամենայնիվ, նիկոտինային ցանկացած արտադրատեսակ զերծ չէ ռիսկերից, և լավագույն տարբերակը բոլոր դեպքերում դրանցից ընդհանրապես հրաժարվելն է։