տուն Մամուլ «Առավոտ». «Լայն զանգվածների» կողմից հարգի է «փող շինելը»՝ ինչ-որ մեկին խաբելով կամ...

«Առավոտ». «Լայն զանգվածների» կողմից հարգի է «փող շինելը»՝ ինչ-որ մեկին խաբելով կամ ինչ-որ բան գողանալով

123
0

առավոտ«Երբ 30 տարի առաջ ես ուսուցիչ էի աշխատում և այդ մասին հայտնում էի «լայն ժողովրդական զանգվածների» ներկայացուցիչներին, առաջին հարցը, որը նրանք տալիս էին՝ «բա ինչքան փող ես առնըմ»։ Եվ երբ պատասխանում էի՝ «60 ռուբլի» (կես դրույք), զրուցակիցներիս դեմքին արհամարհական ժպիտ էր երևում։ Պարզ է, որ դրան զուգահեռ աշխատում էի ևս 2-3 տեղում, որտեղ «առնում էի» համանման գումարներ և գլուխս պահում Էի՝ այդ առումով կյանքս առանձնապես չի փոխվել։ Բայց հիշում եմ այդ ամենը՝ փաստելու համար, որ այն նոստալգիկ պնդումները, թե առաջ ուսուցչի մասնագիտությունը հարգի էր, իսկ հիմա՝ ոչ, այնքան էլ ճիշտ չեն. «լայն զանգվածների» կողմից հարգի է «փող շինելը»՝ ինչ-որ մեկին խաբելով կամ ինչ-որ բան գողանալով։ Ուսուցիչը նման հնարավորություններ չուներ ու չունի։

«Հանուն արդարության» պետք է ասել, որ վերջին տարիներին դրան ավելացել է ուսուցիչների ստորացված վիճակը, երբ ՀՀԿ կրծքանշանով տնօրենի պաշտոնական հաջողություններն ամբողջությամբ պայմանավորված են նրանով, թե ինչպիսի ծառայություններ է նա մատուցել իշխանությանը ընտրությունների ժամանակ։ Ստրկամիտ, իր տեղի համար դողացող տնօրենը չի կարող ազատ և հետևաբար՝ իրենց արածների համար պատասխանատու մարդկանց ղեկավարել։ Հետևաբար՝ նաև ուսուցիչներն են վախեցած և ամեն ինչին հարմարվող։ Այդ վիճակում գտնվող մանկավարժը ոչ մի հնարավորություն չունի զբաղվել ստեղծագործական աշխատանբով, իսկ ուսուցիչն, անշուշտ, աշխարհի ամենաստեղծագործական, երևակայություն և մտահորիզոն պահանջող աշխատանքն է։ Ներկայումս ուսուցիչն իր ցանկացած նախաձեռնության համար (խոսքը օրինական, գործին նպաստող նախաձեռնության մասին է) պետք է դիմի տնօրենին, վերջինս էլ կասի՝ «վայ, վայ, վայ, գործ չունես»։

Իհարկե, ինչպես և նախորդ դարաշրջանում, հիմա էլ կան հրաշալի ուսուցիչներ՝ թե դպրոցներում, թե դպրոցներից դուրս՝ ի հեճուկս այս ամենի։ Ամենակարևոր բանը, որը նրանք «ներարկել են» աշակերտների մեջ, ոչ թե գիտելիքների հանրագումարն է, ոչ էլ նույնիսկ ազնվությունը, հայրենասիրությունը և այլ գովելի հատկություններ։ Լավ ուսուցիչն իր աշակերտին տալիս է «ծրագիր»՝ ամբողջ կյանքի համար, և այդ ծրագրի էությունն է՝ միշտ, մինչև խորը ծերություն ձգտել ինչ-որ մի բան սովորել, կատարելագործել սեփական գիտելիքները աշխարհի և մարդկանց մասին։ Եթե այդ սովորելու ձգտումը կա, մնացած թվարկած և չթվարկած հատկությունները բացառված է, որ չլինեն։

Մոտավորապես նույն թվերին՝ 30 տարի առաջ, մեր լավագույն դերասաններից մեկը՝ Մհեր Մկրտչյանը, հյուրընկալվել էր պետհամալսարանի ուսանողների մոտ՝ այդ հանդիպմանը ես էլ էի ներկա։ Ուսանողներից մեկը հարցրեց արտիստին, թե ի՞նչ է պետք անել բուհում։ Եվ նա պատասխանեց. «Սովորել սովորելը»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here