«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որի զոհ է դարձել 40 մարդ: Այդ մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը:
Պայթյունը որոտացել է դեկտեմբերի 28-ի առավոտյան Քաբուլի արեւմտյան մասում, դրա հետեւանքով զոհվել Է 40 մարդ, եւս առնվազն 30 մարդ վերքեր են ստացել: Նախնական տվյալներով՝ գրոհի թիրախ են դարձել տեղի տեղեկատվական գործակալությունը եւ մշակութային կենտրոնը: Ինչպես հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՆԳ նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Նուսրաթ Ռահիմիին, առաջին պայթուցիկ սարքը գործի է դրվել մահապարտ ահաբեկչի կողմից:
Ավելի ուշ պայթել են երկու մագնիսային ականներ, որոնք տեղադրված են եղել մշակութային կենտրոնի պատերի վրա: Ռահիմիի խոսքով՝ բոլոր զոհերը եղել են մահապարտ ահաբեկչի գրոհի հետեւանքով: