տուն Լուրեր Ինքնասպանություն՝ վատորակ դեղի պատճառով. ի՞նչ է մտածում նախարարը (տեսանյութ)

Ինքնասպանություն՝ վատորակ դեղի պատճառով. ի՞նչ է մտածում նախարարը (տեսանյութ)

240
0

Արդեն մեկ  տարի է` հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները բողոքում են անվճար հիմունքներով իրենց տրվող հայկական արտադրության «Օլանզապին» դեղի որակից և պահանջում այն փոխարինել նախկինում իրենց տրված ամերիկյան կամ այլ երկրի արտադրության «Զիպրեքսա» դեղով:

Լրագրողների հետ զրույցում այսօր Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիայի նախագահ Կարինե Թուխիկյանն ասաց, որ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ պետք է հանդիպեին եւ ներկայացնեին իրենց բողոքը:  «Երբ հերթը հասավ նախարարի հետ հանդիպմանը, նա արհամարհական  դուռը  փակեց ու հեռացավ: Բայց չէ՞ որ խոսքը 300  հիվանդի մասին է, որոնց մեջ կան նախկին զինվորականներ»,- ասաց բանախոսը:

«Զիպրեքսա» դեղը հիվանդներին մատակարարվել է  արտահիվանդանոցային բուժմամբ, սակայն  ծրագիրը փակվել է ֆինանսների սղության պատճառով:  Դեղն այնքան թանկ է, որ հիվանդները չեն  կարող  դա գնել. 28 հաբը դեղատանն արժի 36.000 դրամ:

Կարինե Թուխիկյանն ասաց, որ  «Օլանզապին» դեղը վատ է ազդում  հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների վրա: Դեղի պատճառով հիվանդներն անգամ տնից դուրս չեն  գալիս, քնկոտ ու հուզական լարված վիճակում են: Անգամ ինքնասպանության դեպք է եղել հայկական արտադրության դեղ օգտագործողների շրջանում:  Տիկին Թուխիկյանի խոսքով՝ ինքնասպան եղածը օգտագործել է «Օլանզապին»  դեղի պատճառով:

Տեղեկացնենք, որ  հոկտեմբերի 9-ին առողջապահության նախարարության կողմից պաշտոնական հաղորդագրություն է տարածվել, ըստ որի՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանձնարարել է ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին՝ իրականացնել տեղական արտադրության «Օլանզապին» դեղի կենսահամարժեքության փորձաքննություն:  Իսկ այդ փորձաքննությունը, ըստ Կարինե Թուխիկյանի, կամավորության սկզբունքով է, այսինքն` պետք է այդ դեղը փորձարկել  հիվանդների վրա:

Ասուլիսի մյուս բանախոս Թամարա Վարդանյանն էլ ասաց, որ ամուսինը արդեն  երկար ժամանակ է, որ  ընդունում է հայկական  արտադրության դեղը, որի պատճառով վիճակը վատացել է:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ