Ինքնապարգևատրումների ինստիտուտը պետք է վերանա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պարգևատրումների թեմային անդրադառնալով:
«Մարզպետների, Պետական եկամուտների կոմիտեի և մյուս գերատեսչությունների հետ կապված հարցն ուսումնասիրել ենք ոչ թե անձերով ու գերատեսչություններով պայմանավորված, այլ խնդիրը համապարփակ ուսումնասիրելու համար: Դեռ լուծումների չենք հանգել, քանի որ հավաքագրում ենք տեղեկատվությունը: Սակայն իմ անձնական կարծիքով՝ ինքնապարգևատրումների ինստիտուտը պետք է վերանա»,- նշեց իշխող խմբակցության ղեկավարը:
Մակունցը նշեց նաև, որ դա անհարմարություն է նաև այն մարդկանց համար, ովքեր պարգևատրում են իրենք իրենց:
«Մյուս կողմից՝ չափազանց կարևոր է հանրային արձագանքը և արդարության զգացումը, որը պարտադիր պիտի պահպանվի ու բալանսավորվի: Պետք է հասկանանք, թե ինչպիսի գործիքներով պետք է շարժվենք առաջ»,- ասաց Մակունցը: