«Լավ է, որ «վտանգավոր» բառի փոխարեն չօգտագործվեց «հանցագործություն» բառը: Ինչո՞ւ եք նման թշնամաբար տրամադրված: Ես ուզում եմ մի կարեւոր հարցի պատասխան ստանամ երկրի համար: Չեք կարող չասել, որ պարոն Փաշինյանի բերած թվերը իրականություն չեն, ինչքան էլ պնդեք, միեւնույն է` Հայաստանից այս տարի գյուղմթերքի արտահանումը նվազել է: Էդ ձեր վիճվարչության թվերն են, էդ մենք չենք հաշվարկել այդ թվերը: Ինչի՞ չեք ուզում, որ այդ հանձնաժողովը ստեղծվի»,- Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Ելք» խմբակցության` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ իր խոսքում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
«Ո՞րն է հանձնաժողով ստեղծելու վտանգը` ես սա՛ եմ ուզում հասկանալ»,- հարցադրում արեց Սարգսյանը, հավելելով, թե խոսում են ժողովրդավարությունից: «Թող պարոն Գեղամյանը գա ու էդ հանձնաժողովին իր գրած գիրքը վեց լեզվով կարդա, կարող է ես հասկանամ էդ վեց լեզվից հետո, ա՛յ քեզ բան»,- ասաց Սարգսյանը:
Տեղից արձագանքեց Արտաշես Գեղամյանը, հարցնելով, թե կոնկրետ ո՛ր գրքի մասին է խոսում Սարգսյանը: Ի պատասխան` վերջինս նշեց` որ գիրքն ուզում է: «Հանձնաժողով է, եկեք ստեղծենք եւ քննարկենք, ինչի՞ են Հանրապետականն ու Դաշնակցությունն ասում` չէ՛ ու չէ՛: Էս հանձնաժողովը նրա համար է, որ տասնյակ հարցեր կան, որոնք կարող են լուծում ստանալ: Ինձ զգում եմ թշնամու թիկունքում, այնպես, թե իբր մենք հանցագործներ ենք, եւ երկրում փոփոխություն չենք ցանկանում: Ո՛չ, փոխարենն ասում ենք` եկե՛ք ձեր արգումենտները ներկայացրեք, մենք էլ ասենք` սխալ ենք ու ներողություն խնդրենք»,- եզրափակեց Արամ Սարգսյանը: