տուն Լուրեր Ինձ թույլ չեմ տա նախագահին խորհուրդ տալ. Մարուքյանը՝ ՍԴ անդամի ընտրության մասին

Ինձ թույլ չեմ տա նախագահին խորհուրդ տալ. Մարուքյանը՝ ՍԴ անդամի ընտրության մասին

118
0

Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը։ Այս մասին հաղորդում է Shantnews.am-ը:

Հարցին, թե ՀՀ նախագահն ինչո՞ւ չսպասեց մինչև ապրիլի մեկը, որպեսզի կրկին կարողանար առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը, Մարուքյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած, չեմ կարող մեկնաբանել: Եթե չեմ սխալվում, թեկնածուն դիմել է խմբակցություններին, նաև մեզ, որ գա հանդիպման, կընդունենք, կխոսենք, հարցեր կտանք և մեր դիրքորոշումը կհայտարարենք»,- ասել է Մարուքյանը:

Լրագրողի այն հարցին՝ չի՞ կարծում արդյոք Մարուքյանը, որ ՀՀ նախագահը պետք է կրկին առաջադրեր Վահե Գրիգորյանի թեկնածությունը զուտ այն պատճառով, որ նրա թեկնածությունը չի քննարկվել՝ քվորումի բացակայության պատճառով,  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց․ «ՀՀ նախագահն անկախ պաշտոնյա է: Նախագահն է որոշում՝ ում ներկայացնի: Ես ինձ չեմ համարում լիազորված կամ ինձ թույլ չեմ տա նախագահին խորհուրդ տալ, թե ում պետք է ներկայացներ: Նախագահը ներկայացրել է նրան, ում որ պետք է ներկայացներ»,- ասաց  Մարուքյանը՝ հավելելով, որ Վահե Գրիգորյանին ճանաչում է, բայց առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին՝ ոչ:

Մարուքյանն ասաց, որ նախագահի կողմից Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու հարցում քաղաքական ենթատեքստ չի տեսնում, երեք թեկնածուներից նախագահն ընտրել է Հովհաննիսյանին: Սահմանադրությամբ ՍԴ անդամի թեկնանածու ներկայացնելու հերթը նախագահինն է, հաջորդը՝ կառավարությանը: Հաջորդ անգամ կառավարությունը կարող է ներկայացնել նրան, ում կամենա: