Հայաստանում իշխանափոխությունից անցել է շուրջ հինգ ամիս: Երկրի ղեկավարի պաշտոնում վարչապետ ընտրվեց հեղափոխական շարժման առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը: Նրան ժողովրդի զգալի մասը սկսեց սիրել և վստահել, և դա այն բանի շնորհիվ՝ ինչպես մարդիկ են նշում՝ իր վարվելակերպով և կառավարման ձևով նման չէր նախկին ղեկավարներին:
Այն, ինչ այսօր տեսնում ենք իրականում, ավելի շուտ՝ մոտ երկու տարի առաջ, գրեթե նույնի մասին հայ կինոստեղծողները ֆիլմ նկարահանեցին՝ «Առաջին դեմքը»: Այդ նմանությունների մասին խոսել ենք ֆիլմի սցենարի հեղինակներից Նարեկ Մարգարյանի հետ:
«Ֆիլմի ստեղծման պահին չէինք մտածում, որ այն գրեթե ճշտությամբ կիրականանա: Բայց հիմքում այն է, որ ոչ թե լրագրողն է դառնում երկրի ղեկավար, այլ ակտիվիստ երիտասարդությունը ներկայացնող մեկը, դա կարող էինք պատկերացնել, բայց ոչ այսքան շուտ: Սցենարն այդպես գրվեց, որովհետև կարծես թե հասարակությունը երկու բևեռների էր բաժանված, և ֆիլմի նպատակն էր նախևառաջ ցույց տալ, որ այդ երկու բևեռների շահերն այնքան չեն տարբերվում իրարից, քան հենց իրենք երկուսն էլ պատկերացնում են: Ի վերջո, ոչ մեկն էլ չի ցանկանում ինչ-որ վատ բաներ անել, ֆիլմը ցույց է տալիս այդ իդեալիստական և իրական կյանքի բախումը»,- նշեց մեր զրուցակիցը:
Նարեկ Մարգարյանը նշեց, որ իրականում իրեն էլ են որոշ բաներ զարմացնում՝ ֆիլմի և իրականության նմանությունների միջև. «Իրականում այդ հեծանիվի և լրագրողի զուգադիպությունը միայն չէ: Առաջին հանդիպումներից մեկը Վրաստանի առաջնորդի հետ էր, և մեր մոտ էլ հենց այդպես եղավ, առաջին քայլերից մեկը տուգանքները վերացնելն էր, մեր մոտ էլ հենց այդպես եղավ, էլի ուրիշ դրվագներ կան, որ զարմանալիորեն համընկնում են»:
Սցենարի հեղինակի խոսքով՝ սցենարի վրա աշխատանքները բավականին երկար են տևել՝ 2014 թվականից մինչև 2015 թվականի ամառ: «Առաջին դեմքից» հետո այլ ֆիլմի մասին ծրագրեր ևս կան, բայց այս պահին դրա մասին, ինչպես նշեց նա՝ վաղ է խոսելը. «Այդպիսի նախագծեր, անգամ պատրաստի սցենարներ կան, համապատասխան պրոդյուսերների առկայության դեպքում իհարկե հնարավոր է այն իրագործել, բայց դեռ չարժի ժամանակից շուտ ինչ-որ բան բացահայտել»:
Սցենարի հեղինակները՝ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը, ֆիլմում նախագահի աշխատակազմում ևս պաշտոններ ունեն: Մեր հարցին՝ հնարավո՞ր է առաջարկի դեպքում իրական կառավարությունում աշխատեք, վերջինս պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև այնքան խիստ զբաղված եմ իմ աշխատանքով, որ անհնար է հասցնել, համատեղել»:
Իրականության և ֆիլմի միջև եղած նմանությունների մասին մարդկանց արձագանքն էլ, ինչպես նշում է Նարեկ Սարգսյանը, հաճելի է. «Մարդիկ գրառումների վրա են նշում, նույնիսկ հայտնի մուլտսերիալ կար՝ «Սիմփսոնները», որը ժամանակին կանխատեսել էր Թրամփի նախագահ դառնալը, ասում են՝ դուք հայկական Սիմփսոններն եք, և ես ինձ շատ շոյված եմ զգում»:
Էմմա Հովսեփյան