Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ արդեն նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանի կարծիքով` ՊՈԱԿ-ը պետք է առանձնանա ՍԱՊԾ-ից. շահերի բախում կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին պաշտոնյան:
«ՊՈԱԿ-ի տնօրենը չունի գործելու ազատություն: Օրինակ՝ անցած տարի եղան դեպքեր, երբ առողջապահության նախարարությունը պնդում էր, որ տարբեր թունավորումներ, որ եղել էին, սննդային թունավորումներ էին, իսկ ՍԱՊԾ-ն պնդում էր՝ սննդային թունավորումներ չեն: Էս դեպքում հարց է առաջանում. ՊՈԱԿ-ն ազա՞տ է գործել եւ հստակ պատասխան տալ, թե՞ ոչ, երբ հարցը վերաբերում տվյալ հայտարարությունից հետո ծառայության պետի աշխատել-չաշխատելուն»,- նշեց Ավետիսյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ոլորտից տեղյակ փորձագետների շրջանում հարցումներ է արել եւ պարզել, որ շատերն են կողմ՝ այդ կառույցը անկախ գործի:
Բանախոսը հիշեցրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը եւս գյուղնախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել է քննարկել եւ հասկանալ` անհրաժեշտություն կա՞ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն առանձնացնել ՍԱՊԾ-ից:
Բացի այդ, ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրենը վստահեցրեց, որ տարիներ շարունակ կառույցը ղեկավարել են մարդիկ, որոնք ոլորտի հետ որևէ առնչություն չունեն:
«Ծառայության պետը, երկու տեղակալները, աշխատակազմի ղեկավարն ու երկու խորհրդականները ոլորտի մասնագետներ չեն»,- պնդեց նա:
Օրեր առաջ աշխատանքից ազատված Գեորգի Ավետիսյանն անդրադարձավ նաեւ իր՝ աշխատանքից ազատելու փաստին:
«Ինձ աշխատանքից ազատել են առանց որևէ հիմնավորման»,- հայտարարեց ՍԱՊԾ-ի նախկին աշխատակիցը, վստահեցնելով, որ դիմելու է դատարան` իր ազատման որոշումը բողոքարկելու հայցով:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: