Այս շաբաթ Ազգային ժողովում «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինք խմբակցությունների պատգամավորները խիստ քննադատություններ հնչեցրեցին կառավարության եւ անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանի հասցեին: Բյուջե 2018-ի քննարկումների ժամանակ էլ ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ հայտարարեցին, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն ունակ չէ բարելավելու երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը: Նկատենք, որ ՀՀԿ-ն, որը մշտապես հայտարարում է, որ Կարապետյանի կառավարությունը իշխող ՀՀԿ-ի եւ իր կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի կառավարությունն է, չշտապեց ջանասիրաբար պաշտպանել Կարապետյանին: Որոշ ելույթներ, իհարկե, հնչեցին, սակայն դրանք ավելի շատ պաշտպանողական բնույթի էին:
Araratews.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե որն էր Կարեն Կարապետյանին միայնակ թողնելու պատճառը, եւ կամ ինչու ՀՀԿ-ականներն ավելի ջանասիրաբար չարձագանքեցին հնչող քննադատություններին: «Չեմ կարծում, որ այդ ջանասիրությունը չի երեւացել, դուք կարող եք ելույթների քանակը նայել՝ ութ ելույթ ամբողջ ընդդիմությունն է ունեցել, ութ ելույթ ունեցել է ՀՀԿ խմբակցությունը, չհաշված ֆրակցիայի ելույթը, եւ բյուջեն մենք համարում ենք իրատեսական: Սա առաջին բյուջեն է, որտեղ թվերն ուռճացված չեն, պատկերը սա է՝ մեր հնարավորությունների սահմանը նկատի ունենալով, որը հիմք է հանդիսանալու ապագայի զարգացման համար: Հակառակ դեպքում, երբ գրվում են ուռճացված թվեր, հաջորդ տարիներին միշտ առաջանում են խնդիրներ, թե ինչպես համեմատականներ անցկացնել նախորդ տարվա հետ, սա իրատեսական բյուջե է»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: Նա հիշեցրեց, որ անձամբ է կառավարությանը շնորհակալություն հայտնել, որ ձեւերի հետեւից չի ընկել, չի փորձել սոցիալական շերտին սիրաշահել եւ կամ խոստումներ շռայլել: «Ինչ ունենք, այն ունենք, մի տարի հետո պատկերը կփոխվի»,- ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենք պաշտպանողական ելույթներ են ունեցել, քանի որ սա ոչ թե կառավարության, այլ իշխող ՀՀԿ-ի բյուջեն է: Ամեն դեպքում ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի շտապում գնահատականներ տալ, թե կհաջողի՞ արդյոք իրականացնել այն խոստումներն ու ծրագրերը, որոնք ներկայացված են հաջորդ տարվա անելիքներում, քանի որ դրա արդյունքները պետք է տեսնել: Առայժմ գտնում է, որ հիմքերը ճիշտ են դրված:
Հավելենք, որ խորհրդարանում այս շաբաթ ավարտվեցին հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումները լիագումար նիստում: Բյուջեին դեմ քվեարկելու մասին հայտարարել են ԱԺ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները: ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կողմ են, ինչն էլ նշանակում է, որ կառավարության ծրագիրը հավանության կարժանանա:
Փայլակ Ֆահրադյան