տուն Լուրեր Ինչու են ավիատոմսերը թանկացել

Ինչու են ավիատոմսերը թանկացել

76
0

inqnatir
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ավիատոմսերի կտրուկ թանկացմանը: Հիշեցնենք, որ այս փուլում ավիատոմսերը տարբեր ուղղություններով գրեթե կրկնակի թանկացել են: Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը նորմալ է համարում թանկացումը, նշելով, որ ամառային սեզոնով պայմանավորված՝ պահանջարկը մեծացել է:

«Զբոսաշրջային հոսքերն ամբողջ աշխարհում ունենում են պիկային ժամանակաշրջան, և մենք այս պահին գտնվում ենք հենց այդ պիկային ժամանակաշրջանում: Այս տարվա իմաստով սպեցիֆիկ երկրորդ բաղադրիչն այն է, որ «բաց երկնքի» քաղաքականության ուղղությամբ տարվող սիստեմատիկ աշխատանքը բերեց նրան, որ Հայաստանը ավիացիոն միջազգային քարտեզի վրա ավելի ցայտուն դեր ունեցավ ու ակտիվացրեց իր դիրքերը, դեպի մեր երկիր գալու պահանջարկն ավելացավ»,- նշեց Ավետյանը:

Նրա խոսքով՝ ավիաընկերություններն իրենց ամառային ժամանակաշրջանի չվերթերը պլանավորում են բավական վաղ, 8-10 ամիս շուտ նրանք արդեն կազմում են իրենց աշխարհագրության քարտեզը: Եվ պլանավորվածից ավելի պահանջարկ ունենալու դեպքում, ինչը տեղի ունեցավ այս տարի, նման իրավիճակ է ստեղծվում: Ըստ նրա՝ ավիաընկերությունները փաստորեն սխալվեցին, մենք այսօր ունենք ավելի շատ պահանջարկ, քան առաջարկն է:

«Տեսնելով իրավիճակը՝ ավիաընկերությունները փորձում են փոփոխություններ մտցնել իրենց չվացուցակի մեջ՝ ավելացնելով թե չվերթերի քանակը, թե օդանավերի տիպերը: Արդեն իսկ մի շարք ավիաընկերություններ փոխել են իրենց օդանավերի տիպերը՝ ավելացնելով իրենց նստատեղերի քանակը»,- նշեց նա: Քաղավիացիայի գլխավոր վարչության պետն ասաց, որ ուղևորափոխադրումներն այս տարի աճել են 30 տոկոսով, հետևաբար պահանջարկն էլ է այդքանով աճել:

Լրագրողներից մեկի հարցին, թե «բաց երկնքի» քաղաքականությունը ենթադրո՞ւմ էր, որ նման իրավիճակ պետք է ստեղծվեր ոլորտում, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ իրավիճակը քաոսային է: Ուղղություններ կան, որ նույնիսկ կարող է կրկնակիից  ավելի շատ բարձրացած լինի ավիատոմսի գինը: Դա խոսում է պահանջարկի ավելացման մասին, կան դեպքեր, երբ ավիաընկերությունները նույնիսկ բիզնես կլասի տոմսեր չունեն»:

Սերգեյ Ավետիսյանը հստակ պատասխաններ չտվեց հարցերին, թե ինչո՞ւ ավիաընկերությունները պատրաստ չէին հոսքերի ավելացմանը, եթե կառավարությունը հայտարարում էր, որ զբոսաշրջությունն է զարգացնում: Նա ասաց, որ հաջորդ տարի ամռանը նորից տոմսերը կթանկանան: Ավետիսյանը բացառեց այն տարբերակը, որ ավիաընկերությունները միմյանց հետ համաձայնեցնելով՝ կարող են գին բարձրացնել:
«Սեպտեմբերի երկրորդ կեսից սկսած տոմսերի գները երկու-երեք անգամ կիջնեն»,- հավատացրեց նա: