տուն Հասարակություն Բժիշկ Ինչու են աշխարհի ավելի քան 600 հայ բժիշկները հավաքվելու Երևանում

Ինչու են աշխարհի ավելի քան 600 հայ բժիշկները հավաքվելու Երևանում

134
0
Հայաստանի մայրաքաղաքում նախատեսված համագումարի մուտքն ազատ է լինելու, և նախապես չգրանցված բժիշկները նույնպես կարող են մասնակցել դրան։
Աշխարհի ավելի քան 600 հայ բժիշկ` պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, հուլիսի 4-6-ը կլինեն Հայաստանում` Հայ բժիշկների միջազգային 5-րդ համագումարին մասնակցելու նպատակով։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։
Համագումարի բացումը տեղի կունենա հուլիսի 3-ին` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում։ Հենց Չարչյանն էլ այս տարի կնախագահի համագումարը։
«Այս համագումարը, թերևս, ամենաբարձր հարթակն է, որտեղ ամբողջ աշխարհից ծագումով հայ բժիշկները հավաքվում ու ամփոփում են իրենց չորս տարվա աշխատանքները: Այս տարվա համագումարի կարգախոսն է՝ «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության»։ Համագումարը շատ կարևոր է կապերի ստեղծման, փորձի փոխանակման առումով»,–ասաց պրոֆեսորը։
Նրա խոսքով` կարևոր է նաև այն հանգամանքը, որ համագումարի ժամանակ ներկայացվում են բոլոր նոր տեխնոլոգիաներն ու գիտական նոր նվաճումները, և հետագայում հնարավորություն է լինում դրանք ներդնել մեր առողջապահության ոլորտում։
19318914
Ըստ Չարչյանի` համագումարը մեկ այլ կարևոր նշանակություն էլ ունի` Արցախի հետ կապեր հաստատելն ու փորձի փոխանակումը։ «Համագումարին մասնակցելու համար արդեն իսկ մոտ 420 մասնակից է գրանցվել, որոնցից 160-ն արտասահմանից են՝ ընդհուպ մինչև Աֆրիկայից և Սինգապուրից: Ի դեպ, համագումարին մասնակցելն անդամավճարով է, սակայն, բացի գրանցված մասնակիցներից, այս տարի մեր հովանավորների շնորհիվ համագումարի մուտքն ազատ է լինելու, և նախապես չգրանցված բժիշկները նույնպես կարող են ներկա լինել»,–ասաց նա։Ի դեպ, համագումարի շրջանակում Ռուսաստանից ազգությամբ 7 հայ, ՌԴ-ի ակադեմիայի իսկական անդամներ կժամանեն Հայաստան։ Համագումարի օրերին Երևանում, Գյումրիում, Արցախում համաժողովներ ու սեմինարներ կանցկացվեն` մանկաբուժության, ռադիոլոգիայի, ծնկահոդային էնդոպրոթեզավորման և այլ թեմաներով։

25.06.2019