տուն ժամանց Ինչու են աֆրիկացիների ձեռքի ափերն ու ոտնաթաթերը սպիտակ

Ինչու են աֆրիկացիների ձեռքի ափերն ու ոտնաթաթերը սպիտակ

145
0

Հայտնի է, որ աֆրիկացիների մաշկը սև է: Սա բնության կողմից շնորհված կենսականորեն կարևոր միջոց է, որը պաշտպանում է ավելորդ արևային ակտիվությունից, սակայն ձեռքի ափերն ու ոտնաթաթերը սպիտակ են: Ինչո՞ւ:

Նշենք, որ մաշկի սև գույնը ապահովվում է մելանին պիգմենտով: Այն արտադրում է բոլոր մարդկանց օրգանիզմը, բացառություն են միայն ալբինոսները: Երբ դուք հանգստանում եք լողափին և արևայրուք եք ընդունում, հենց մելանինի արտազատում է տեղի ունենում:

Այդ պիգմենտը խիստ կարևոր է օրգանիզմը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար: Եվրոպացիների մոտ այն արտադրվում է որպես պաշտպանական ռեակցիա այն դեպքերում, երբ մարմինը  ենթարկվում է ինտենսիվ արևային ներգործության: Դա հասկանալի է դառնում, եթե դիմենք ալբինոս մարդկաց խնդրին, որոնց պարզապես արգելվում է արևահարվել: Քանի որ նրանց մաշկը չունի պաշտպանություն, շատ արագ նրանց մարմնին կարող են առաջանալ արևային այրվածքներ՝ դրանից  բխող բոլոր հետևանքներով:

Հաշվի առնելով ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու կարևորությունը՝ օրինաչափ հարց է ծագում. իսկ ինչու սև մաշկով օժտված չէ ամբողջ մարդկությունը, և ինչու միջին լայնությունների բնակիչների մոտ ամռան շրջանից հետո արևայրուքն անցնում է: Պարզվում է, մելանինի  արտազատումը «թանկ» հաճույք է օրգանիզմի համար, դրա համար անհրաժեշտ են բավական արժեքավոր նյութեր և ռեսուրսներ: Չափավոր արևային ակտիվության պայմաններում նման խնայողությունը միանգամայն նպատակահարմար է, մինչդեռ Աֆրիկայում նման բան անթույլատրելի  է: Դրա համար աֆրիկացու մաշկը իր  գույնը չի  փոխում:

Փոխարենը բնությունը գտել է մեկ ուրիշ սողանցք, որը գեթ ինչ-որ կերպ հնարավորություն է տալիս օրգանիզմի ջանքերը խնայելու: Այսպես, արևից ամենաքիչը տուժող մարմնի հատվածները՝ ոտնաթաթերն ու ձեռքի ափերը, փաստորեն մելանին չունեն, ուստիև մնում են լուսավոր:

Այդ դեպքում, ինչու է մաշկը սև թևատակում, չէ՞ որ արևն այնտեղ հաճախ չի ընկնում: Պարզապես մարմնի այս հատվածում մաշկը շատ նուրբ է ու բարակ, բացի այդ, դրա տակ գտնվում են ավշահանգույցներ և այլ պատասխանատու գոտիներ, ուստի բնությունը ավելորդ ռիսկի «չի գնացել»: Իսկ ինչ վերաբերում է ձեռքի ափերի և ոտնաթաթերի մաշկին, այն ոչ միայն չի ծածկում պատասխանատու հատվածները, այլև աչքի է ընկնում կոշտությամբ, բազմաշերտությամբ, բավականին կոպիտ  է, միշտ ենթարկվում է  ֆիզիկական ներգործության, ուստի այդ հատվածներում մելանինի խնայողություն անելը միանգամայն  նպատակահարմար է: