ՀՀ Կառավարության 2018 թվականի երկրորդ նիստում, որը վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ այս տարվա անդրանիկ նիստն էր, վերջինիս կողմից գործադիրի անդամներին հանձնարարական իջեցվեց` ամփոփել գերատեսչությունների ղեկավարած աշխատանքները: Հիշեցնենք, որ Կառավարության այս տարվա առաջին նիստը վարել էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Կարապետյանը, ով տարեվերջին որոշում էր ընդունել, որ 2019 թվականի հունվարի 3-ից պետք է բոլորը աշխատանքի գնան, տոներից անմիջապես հետո մեկնել էր արձակուրդ: Վերադառնալուց հետո էլ նման հանձնարարական էր իջեցրել:
Ընթացիկ տարվա երկու ամիսների ընթացքում տարբեր գերատեսչությունների ղեկավարներ հանդես են գալիս հաշվետվությամբ: Մամուլի ասուլիսների միջոցով նախարարներն ու Կառավարությանն առընթեր տարբեր մարմինների ղեկավարներ ներկայացնում են անցած տարվա աշխատանքն ու խոսում այս տարվա անելիքների մասին:
Մինչդեռ պարզվում է` Կարեն Կարապետյանի կաբինետում կան արտոնյալներ, ովքեր որոշել են ոչ միայն հաշվետվությամբ հանդես չգալ, այլ նաեւ այս ամբողջ ընթացքում չեն կատարում Կարապետյանի մեկ այլ հանձնարարական՝ գործադիրի շենք մտնել հիմնական մուտքով: Այս շարքում «ամենապարտաճանաչը» ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն է: Վերջինս նախարար նշանակվելուց հետո ընդամենը մեկ անգամ է Կառավարության շենք մուտք գործել հիմնական մուտքով: Թե ով է Մանուկյանին տվել նման արտոնություն, որ կարող է Կառավարություն ներթափանցել այլեւայլ եղանակներով` հայտնի չէ: Հարկ է նշել, որ Կարեն Կարապետյանը, ով առիթը բաց չի թողնում հայտարարել, թե աշխատում են բաց ու թափանցիկ, սակայն մյուս կողմից` իր ենթակաները կատարում են բոլորովին հակառակը: Իհարկե՝ Կառավարության բաց ու թափանցիկ գործելաոճը իրականության հետ որեւէ աղերս չունի, նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ գործադիրի նիստերն ապրիլից դռնփակ են լինելու:
Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ Կարապետյանի՝ հաշվետվությամբ հանդես գալու եւ կատարած աշխատանքները հասարակությանը՝ ԶԼՄ-ների միջոցով ներկայացնելու հանձնարարականը անտեսել է նաեւ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: Վերջինս, պայմանավորված օրեր առաջ տեղի ունեցած դժբախտ դեպքով, որոշել է դեռ չերեւալ լրագրողների աչքերին: Նշենք, որ խոսքը Կիեւյան կամրջից նետված կնոջն ու իննամյա երեխայի դեպքի մասին է: Տոնոյանը կնոջը տեղափոխել էր ավելի ցածր աշխատավարձով աշխատանքի:
Ու որպեսզի լրագրողները նրան ականջահաճո հարցեր չհնչեցնեն, որոնց պատասխանները, ըստ էության, Դավիթ Տոնոյանը չունի, նա որոշել է ծավալուն հարցազրույց տալ իշխանական լրատվամիջոցներից մեկին եւ դրանով հարցը փակել: Հարցազրույցը դեռ չի հրապարակվել: Ի դեպ, նույն այդ լրատվամիջոցին (անունը չենք հրապարակում) նախարար Տոնոյանը տարեվերջին էլ էր հարցազրույց տվել: Կարելի է ենթադրել, որ Տոնոյանի խորհրդականները «փայլուն» են աշխատում՝ շեֆին խորհուրդ տալով «շառից» հեռու մնալու համար պատասխանել միայն իրենց ենթակա լրատվամիջոցների հարցերին:
Փայլակ Ֆահրադյան