Կառավարությունում տեղի է ունեցել վերլուծական քննարկում՝ Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Քննարկման ժամանակ ներկայացվել է էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման նոր ռազմավարությունը: Ռազմավարությունը, դեռևս հանրությանը չի ներկայացվել, քանի որ գտնվում է քննարկման փուլում, սակայն նշվել է, որ գլխավոր նպատակը երկրում երկարաժամկետ կտրվածքով կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ապահովելն է, որը հնարավորություն կտա մեծացնել երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը, նվազեցնել կախվածությունն արտաքին էներգառեսուրսներից և բարձրացնել էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունը:
Որքանո˚վ կարող ենք վստահ լինել, որ սրանք հերթական միջոցառումները չեն, հերթական շաբլոն մտքեր են և չեն արվում են միայն ձևականության համար: Երբ անընդհատ խոսվում է էներգախնայողության տեխնոլոգիաների, այլընտրանքային և վերականգնվող էներգետիկայի զարգացման, Ռուսաստանից էներգետիկ կախվածության փոքրացման մասին, սակայն իրականում արդյունքները չեն երևում և առաջընթաց չկա (բացառությամբ փոքր հիդրոէներգետիկայի, որն էլ ծավալվում է գյուղատնտեսության և բնապահպանության հաշվին):
Որքանո˚վ հետևողական կլինի Հովիկ Աբրահամյանը, էներգետիկ անվտանգության ծրագրերը իսկապես կյանքի կոչելու համար, չգիտենք, սակայն հուսով ենք, որ նա լուրջ է տրամադրված և հետևողական կլինի: Մեր կողմից, կարող ենք ավելացնել, որ եթե բազմաթիվ երկրներ որդեգրել են այլընտրանքային էներգետիկայի զարգացման քաղաքականություններ, որոնք արդարացնում են իրենց, ապա ինչո՞ւ հենց Հայաստանում դրանք չեն կարող իրենց նույնպես արդարացնել: Հաշվի առնենք, որ այդ տեխնոլոգիաները արագ կատարելագործվում են և առաջատար մոդելները ունեն ավելի բարձր օգտակար գործողության գործակիցներ և քիչ ծախսատար են:
Հայաստանում էներգետիկ համակարգի զարգացման առաջնահերթությունների մեջ են մտնում՝ նոր ատոմակայանի կառուցումը, նոր գազապահեստարանների կառուցումը, Իրան-Հայաստան գազամուղի ազգայնացումը, Իրան-Հայաստան նավթամուղի կառուցումը, Մեղրի, Շնող և Լոռիբերդի միջին հզորության ՀԷԿ-երի կառուցումը (միաժամանակ հրաժարվելով փոքր ՀԷԿ-րի շահագործումից), էներգախնայող և ռեսուրսախնայող համակարգերի համատարած գործարկումը, վերականգնվող էներգետիկայի զարգացումը՝ որտեղ շեշտադրումը պետք է դնել առաջին հերթին հողմակայանների կառուցման, արևային կենտրոնացված ջերմային կայանների կառուցման և արևային ջրատաքացուցիչների կիրառման, ինչպես նաև արևային ֆոտովոլտայիկ կայանների, ինչու չէ նաև երկրաջերմային կայանների կառուցման վրա: Անհրաժեշտ է խթանել տարբեր տեսակի թափոնների մշակման տեխնոլոգիաների՝ հատկապես կենսազանգվածից էներգիայի ստացման և կենսավառելիքի ստացման տեխնոլոգիաների գործարկումը: Կարևոր է Եվրամիության, Իրանի և Վրաստանի հետ տարբեր էներգետիկ համագործակցության խթանումը և ծրագրերի իրականացումը:
Այսպիսով կարևորագույն խնդիրը հնարավորինս անկախ և դիվերսիֆիկացված էներգետիկ հենքի ձևավորումն է, իսկ խելամիտ քաղաքականության արդյունքում դրական հետևանքները երկար սպասեցնել չեն տա: