ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից արձագանքել են Araratnews.am-ի հրապարակմանը: Խոսքը վերաբերում է Շիրակի մարզից «Համախմբում» կուսակցության ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Լևոն Իգիթյանի հայտարարությունը, համաձայն որի իրենց մշտական բնակության հասցեում գրանցվել են քաղաքացիներ, որոնք որևէ կապ չունեն իրենց հետ: Լևոն Իգիթյանի խոսքով` եթե նման խախտումների են գնում, գոնե իմանան` ո՛ւմ հասցեում են կատարում, գոնե թեկնածուների պարագայում չանեն, մարդկանց, ովքեր հետևողական են, անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի լինեն ազատ ու արդար ընտրություններ:
Անձնագրերի եւ վիզաների վարչությունից ներկայացրել են հետեւյալ պարզաբանումը.
Ստուգմամբ պարզվել է հետևյալը:
Խոսքը վերաբերում է Արթուր Ջոնսիկի Հովհաննիսյանին, Աննա Սերյոժայի Գրիգորյանին և Արփինե Սիմավոնի Մաթևոսյանին:
Արթուր Հովհաննիսյանը Շիրակի մարզ, Գ. Ախուրյան, Կառնուտի խճղ., տ 3 հասցեում հաշվառված է 28.04.1991 թ.-ից, Աննա Գրիգորյանը` 18.10.1990 թ.-ից, Արփինե Մաթևոսյանը` 10.03.2009 թ.-ից: Անձնագրային ծառայության հարցմանն ի պատասխան Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալի կողմից 22.02.2017 թ. տրվել է գրավոր պատասխան, համաձայն որի Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2008 թ. հասցեավորման ժամանակ Սուրեն Շավարշի Իգիթյանի ընտանիքին պատկանող բնակարանը հասցեավորվել է Կառնուտի խճղ., տ 33 հասցեով, սակայն բնակչության պետական ռեգիստրին տեղեկատվություն տրամադրելու ժամանակ տեղի է ունեցել մեխանիկական սխալ՝ հասցեն գրանցվել է Կառնուտի խճղ. տուն 3:
Արթուր Ջոնսիկի Հովհաննիսյանի և Աննա Սերյոժայի Գրիգորյանի իրական հասցեն Կառնուտի խճղ., տ 3-ն է, իսկ Արփինե Սիմավոնի Մաթևոսյանինը՝ Կառնուտի խճղ., տ 35:
Այսինքն, բնակչության պետական ռեգիստրում և դրա հիման վրա ընտրողների ցուցակներում Կառնուտի խճղ., տ 3 հասցեում իրականացված հաշվառումները դեռևս 2008 թ. համայնքի կողմից տեխնիկական վրիպման արդյունքում ստացված տեղեկատվության արդյունք է, որը ընդհանրապես չի կարող կապ ունենալ ընտրական գործընթացների հետ:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ բնակչության պետական ռեգիստրում հաշվառումներն իրականացվում են բացառապես ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ, իսկ ընտրական գործընթացը ևս մեկ հարմար առիթ է, որպեսզի քաղաքացիները ստուգեն իրենց հասցեները:
Հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից տրված վերը նշված գրությունը` Լևոն Իգիթյանի ընտանիքի անդամների հաշվառման հասցեն բազայում կուղղվի Կառնուտի խճղ., տ 33, այլ ոչ Կառնուտի խճղ., տ 3, Արթուր Ջոնսիկի Հովհաննիսյանի և Աննա Սերյոժայի Գրիգորյանի հասցեները կմնան անփոփոխ, իսկ Արփինե Սիմավոնի Մաթևոսյանի հասցեն կուղղվի՝ Կառնուտի խճղ., տ 35: