Իսրայելում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը puerrtto.livejournal.com բլոգում այս անգամ ներկայացրել է՝ ինչպես են ադրբեջանցի քննիչները հարցաքննություն անցկացնում:
Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
Ադրբեջանում իմ հարցաքննություններն անցկացնում էին երկրի լավագույն քննիչները՝ գնդապետ Քամալ Թալիբովը, գնդապետ Վուղար Նասիբովը, քննչական վարչության պետ, գեներալ Իլդար Ահմեդովը և գլխավոր դատախազի տեղակալ, գեներալ Ռուստամ Ուսուբովը: Նրանք շատ լավ ռուսերեն էին խոսում, զվարճալի սրամտություններ էին մեջբերում «Կովկասի գերուհին» և «Միմինո» ֆիլմերից և ամեն կերպ ինձ համոզում, որ միայն Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու խոստովանությունը կմեղմի իմ պատիժը:
Պետք է նշել քննչական գործողությունների ակնհայտ թշնամական ուղղվածությունը ՌԴ-ի դեմ, այդքան անհեթեթություն ու մեղադրանքներ ՌԴ-ի հասցեին ես նույնիսկ չէի սպասում լսել:
Նրանք խաղում էին «լավ և վատ ոստիկանի» խաղը՝ 10 անգամ նույն հարցն էին տալիս ինձ: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի իշխանություններն այս մարդկանց «հիմար դրության» մեջ էին դրել՝ ստիպելով ամեն օր գալ կալանավայր և կրկին տալ Հայաստանի հատուկ ծառայությունների համար «աշխատելու» հարցը:
Երբ ծանրաքաշ գնդապետ Թալիբովը երեխայի նման ամեն օր մեկուսարան էր գալիս, ես մի քիչ խղճում էի նրան: Նա հասկանում էր, որ դատարկ գործով է զբաղվում, և ոչ մի հատուկ ծառայություն էլ չկա, բայց վերևներից պահանջում էին ցուցադրական գործընթաց, և նա առանց առանձնահատուկ եռանդի կատարում էր իր աշխատանքը:
Զրույցներում նրանք խոստովանում էին՝ «Գիտես՝ սա մեզ պե՞տք է»: Ամեն ինչ ակնհայտորեն մտածված էր որպես փոխհատուցում կորցրած Ղարաբաղի համար, իբր՝ թեկուզ մենք կորցրել ենք Աղդամն ու Շուշին, փոխարենը՝ ձերբակալել ենք ճանապարհորդ բլոգերի: Ինչ-որ առումով դա պետք է աջակցեր ադրբեջանական հասարակությունում հուսահատ տրամադրություններին: Բայց, ինչպես ասացի, ստացվեց ինչ-որ անհեթեթ ֆանտասմագորիա: Իսկ սեպտեմբերի 10-ին խցիկում ինձ սպանելու փորձը և սեպտեմբրեի 11-ի առավոտյան անսպասելի ինձ ներում շնորհելը և AZAL չվերթի բիզնես կարգով անհապաղ Թել Ավիվ ուղարկելը ոչ մի կերպ գլխումս չի տեղավորվում:
Մեջբերեմ ադրբեջանցի քննիչների կողմից տրված անհեթեթ հարցերից.
«Դուք հայի նման չեք, ես նրանց հեռվից եմ հոտառությամբ զգում»,- ասել է արդարադատության գնդապետ Վուղար Նասիբովը:
«Ի՞նչ վիճակում է գտնվում ձեր ամառանոցը Ղարաբաղում: Չունե՞ք ամառանոց Ղարաբաղում: Ուրեմն չունե՞ք , հա»,- ասել է գնդապետ Թալիբովը:
«Հրեա կանայք շուտ են ծերանում և սարսափելի են դառնում, դրանով նրանք հայուհիների են նման, իսկ, ա´յ, տղամարդիկ ոչինչ… »,- ասել է վերոնշյալ անձանցից մեկը:
Եթե նույնիսկ Ադրբեջանի լավագույն պրոֆեսիոնալներն են այդպես վարում գործերը, ապա ի՞նչ ասենք հիմնական զանգվածի մասին: Մի քիչ էլ ժամանակ կանցնի, և գյուղը վերջնականապես կփոխարինի խորհրդային տարիների մտավորականներին Բաքվում, իսկ հետո՝ արագ իսլամացում և աֆղանացում: Գործընթացն անշրջելի է: Թեև լավագույնները վաղուց են հեռացել Ադրբեջանից, իսկ ով մնացել է, կա´մ նավթի վրա է նստած՝ գողանում է, կա´մ ճամպրուկների վրա է, կա´մ էլ… ապագան նրանցն է, գյուղացիներինը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իսրայելում գտնվող ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն էր կատարել. նա գրել էր, որ փաստաթղթեր է հավաքում ադրբեջանական բանտում իր նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ: