տուն Լուրեր Ինչպես է ստացվել, որ Սաշիկ Սարգսյանն ու իր որդիներն ազատության մեջ են

Ինչպես է ստացվել, որ Սաշիկ Սարգսյանն ու իր որդիներն ազատության մեջ են

105
0

Հանրությանը հետաքրքիր է, թե ինչպես է ստացվել, որ մի քանի անգամ բերման ենթարկվելուց հետո Սերժ Սարգսյանի հայտնի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը և նրա ոչ պակաս հայտնի որդիները դեռ ազատության մեջ են, չնայած կան հարուցված քրեական գործեր:

Ի սկզբանե փաստենք, որ Սաշիկ Սարգսյանի դեմ ոչ մի հարուցված քրեական գործ չկա՝ գոնե այս պահին: Մեկ անգամ նա բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչություն՝ զենքի օրինականությունը ստուգելու համար, մեկ անգամ էլ 2 օր առաջ՝ ազգային անվտանգության ծառայություն՝ առերես հարցաքննության:

Սաշիկ Սարգսյանը ԱԱԾ հրավիրվել է հարցաքննության, քանի որ ասել է, որ ինքն է գնել Մարտիրոս Սարյանի հայտնի կտավը, որը հայտնաբերվել է նրա տանը: Բայց ԱԱԾ-ում տեղի ունեցած առերես հարցաքննության ընթացքում ենթադրյալ տուժողը պնդել է, որ կտավը իրենից վերցրել է Նարեկ Սարգսյանը:

Քանի որ Սաշիկ Սարգսյանը իր կատարած ենթադրյալ հանցանքի համար չի եղել ո՛չ ԱԱԾ-ում և ո՛չ էլ ոստիկանությունում, պարզ է, որ չէր կարող ձերբակալվել:

Ինչ վերաբերում է նրա որդիներին՝ Հայկ և Նարեկ Սարգսյաններին, պետք առանձնացնենք, թե ով ինչի համար է մեղադրվում:

Նարեկ Սարգսյանն ազատության մեջ է, բայց գտնվում է հետախուզման մեջ և հայտնաբերվելու դեպքում կուղարկվի բանտ: Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, որոնցից ամենածանրը թերևս 178-րդ հոդվածի 3-րդ մասն է՝ խարդախություն: Նարեկ Սարգսյանի տնից և նրա  տիրապետության տակ գտնվող այլ տարածքներից հայտնաբերվել են զենքեր, թմրանյութեր և այլն:

Իսկ ահա Հայկ Սարգսյանը կասկածվում է սպանության փորձ կատարելու մեջ: Այս դեպքում ԱԱԾ-ն ոչ մի առնչություն չունի: Հայկ Սարգսյանը հրավիրվել է Կենտրոնի քննչական, ստացել դատավարական իր՝ կասկածյալի կարգավիճակն ու ազատ արձակվել:

Հայր և որդի Սարգսյանների հետ ի՛նչ կլինի առաջիկայում՝ ցույց կտան ժամանակն ու նախաքննությունը:

Հարություն Մկրտչյան