տուն Լուրեր Ինչպե՞ս կհանգուցալուծվի Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը

Ինչպե՞ս կհանգուցալուծվի Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը

174
0

Վրաստանում երեկ քաղաքական լարված իրավիճակ էր Վրաստանի քաղաքացիները երեկ ընդդիմության հետ փորձել են մտնել խորհրդարան, սակայն ոստիկանությունը արցունքաբեր գազով, ռետինե փամփուշտներով ցրել է ցուցարարներին:

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները երեկ խափանել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Ռուս պատգամավորների ներկայությունը միանշանակ չի ընդունվել Վրաստանի խորհրդարանականների կողմից, նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնել ռուս պատգամավորների մասնակցության առնչությամբ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում անկայունություն առաջացնելու համար մեղադրել է Ռուսաստանին: Վրացագետ Ջոնի Մելիքյանը, սակայն,  Araratnews.am-ի հետ զրույցում այդ հայտարարությունը համարեց ոչ ադեկվատ:

Նրա խոսքով՝  Վրաստանի իշխանությունը փորձում է իր սխալները ինչ-որ մեկին վերագրել, որը վտանգավոր է:

Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ Ռուսաստանը ոչ մի կապ չունի  երեկվա  իրադարձությունների հետ: «Սա զուտ ներքաղաքական պայքար է: Առաջին դեպքը չէ: Անցյալ տարի եւս աղմուկ բարձրացավ, ակցիաներ տեղի ունեցան, որից օգտվեցին եւ հիմա էլ օգտվում են ընդդիմադիր քաղաքական ուժերը»,- նշեց փորձագետը:

Փորձագետը հիշեցրեց՝ Վրաստանի ընդդիմադիրները  գիտեին, որ միջոցառմանը ռուսներ են մասնակցելու, վեհաժողովի նախագահն էլ նստելու է ԱԺ դահլիճում խորհրդարանի ղեկավարի աթոռին: Հետևաբար,  ընդդիմադիրները պարզապես փորձեցին օգտվել այս իրավիճակից, հրահրեցին, ցանկացան խորհրդարանի շենքը գրավել, ոստիկաններն էլ հատուկ միջոցներ կիրառեցին: «Իրավիճակը հիմա կառավարելի է, բայց այսօր՝ ժամը 7-ին, բողոքի ցույցեր կլինեն: Եթե իշխանությունը, իրավապահները աշխատեն իրենց լիազորությունների սահմանում, կկարողանան իրավիճակը կառավարելի  պահել, սառեցնել ներքաղաքական պայքարը, իսկ եթե ոչ՝ ապա ներքաղաքական  ճգնաժամը կխորանա»,- կարծում է մեր զրուցակիցը:

Ջոնի Մելիքյանը կարծում  է՝ երեկ հայաստանյան խորհրդարանական պատվիրակության դուրս գալը Վրաստանի խորհրդարանի դահլիճից  ճիշտ էր, քանի որ միջոցառումը հետո չեղյալ համարվեց: «Հայաստանին  ձեռնտու է Վրաստանի կայունությունը, քանի որ այնտեղ ունենք համայնք, ունեն դարավոր հարաբերություններ եւ Վրաստանով ենք ներմուծում եւ արտահանում»,-  ավարտեց իր խոսքը վրացագետը:

Սոնա Դավթյան