տուն Լուրեր Ինչպե՞ս երկարացնել Ալցհեյմերով հիվանդի կյանքը երաժշտությամբ. բելգիահայ ջութակահար (տեսանյութ, լուսանկարներ)

Ինչպե՞ս երկարացնել Ալցհեյմերով հիվանդի կյանքը երաժշտությամբ. բելգիահայ ջութակահար (տեսանյութ, լուսանկարներ)

395
0

Ամիսներ առաջ  անդրադարձել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցին եւ գրել, թե այցն ինչ արդյունքներ է տվել: Զրուցել էինք Լյուվենի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր, երաժիշտ, մարտի 3-6-ը Բելգիայի պատվիրակության անդամ Տիգրան Մահտեսյանի հետ: Հարցազրույցում նաև գրել էինք, որ կներկայացնենք Բելգիայում հաջողության հասած Լյուվենի համալսարանի երաժիշտ, դոկտոր, պրոֆեսոր, ջութակահար Տիգրան Մահտեսյանին: Տեղեկացնենք, որ մաեստրո Տիգրան Մաhտեսյանին Ամատի լարային գործիքների վարպետների հնագույն ընտանիքի ստեղծած բացառիկ ջութակ նվագելու ցմահ իրավունք է տրվել։

Araratnews.am-ը Տիգրան Մահտեսյանի «Ֆեյսբուքի» էջից տեղեկացավ, որ  ջութակահարը համերգային շրջագայություն է սկսել: Մայիսի 28-ին ջութակահարը ելույթ է ունեցել Օրենբուրգում, իսկ հունիսի 18-ին մեկնելու է Չինաստան:

Տիգրան Մահտեսյան

Պարո՛ն Մահտեսյան, ձեր տպավորությունը Օրենբուրգի ձեր համերգից եւ ռուս հանդիսատեսից:

Շատ բարձր տպավորություն ունեմ, քանի որ ռուս հանդիսատեսը պրոֆեսիոնալ է: Ինչպես տանը՝ Հայաստանում է բարդ նվագելը, այնպես էլ Ռուսաստանում եւ Բելգիայում: Այդ տան զգացողությունն ունեմ այս երեք երկրներում: Շատ գոհ մնացինք այս համերգից, չնայած ես հազվադեպ է լինում, որ գոհ մնամ համերգից: Ասում եմ՝ նորմալ էր, սակայն այս անգամ ամեն ինչ լավ էր: Մոսկվայում առաջին անգամ էր բելգիական իմ նվագախումբը ելույթ ունենում: Նվագեցի Բախի գործերից մի հատված եւ Կոմիտասի «Կռունկը»՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ: Ընդ որում՝ «Կռունկը» նվագեցի բարդացված տարբերակով:

մահտեսյան2

Ինչպե՞ս եք որոշում, թե որ երաժիշտների ստեղծագործությունները պետք է կատարեք: 

Նվագում եմ այն երաժիշտների ստեղծագործությունները, որոնք պահանջում են: Բրյուսելում ելույթ ունենալիս, օրինակ, մեկ ժամ սոլո եմ նվագել, որը շատ բարդ է: Մոսկվայի Մեծ դահլիճում՝ կոնսերվատորիայի պրոռեկտորի հետ,  նվագել եմ Բեթհովենի սոնատները:

Ասեմ նաև, որ աշխարհահռչակ  երաժիշտ Սերգեյ Սլոմինսկին հրավիրեց ինձ կատարելու իր ստեղծագործությունը, հետո ինձ համարեց վարպետ: Ինձ համար դրանից մեծ գովեստ չկա:

Դուք նաև մանկավարժական գործունեություն ենք ծավալում: Դա չի՞ խոչընդոտում ձեր համերգային շրջագայություններին, թե ազատ ժամանակ այնքան ունեք, որ  ձեր փորձն ու  գիտելիքները տալիս եք երիտասարդներին:

Հիմա շատ համերգներ ունեմ, դասավանդելու ժամանակ չկա: Մինչեւ 2023 թվականը գրանցված համերգներ ունեմ: Կատարող ջութակահարը չի ցանկանում դասավանդել: Հայտնի ջութակահարներն ասում են՝ կամ պետք է դասավանդես, կամ պետք է նվագես: Պետք է դասավանդես, երբ դադարում ես նվագել:

Ասացիք՝ մինչեւ 2023 թիվը համերգներ ունեք: Դասական երաժշտության սիրահարները ձեզ Հայաստանում կտեսնե՞ն:

Խոսակցություններ կան, որ հնարավոր է հրավիրեն, բայց կոնկրետ  առաջարկ հիմա չկա: Ես միշտ պատրաստ եմ  Երեւանում նվագելու:

Ըստ Ձեզ՝  ձեր հրավերների բացակայության պատճառը  ո՞րն է: 

Պատճառը ֆինանսի բացակայությունն է, չնայած այլ խնդիրներ եւս կարող են լինել: Ցանկություն կա, օրինակ՝ դասական երաժշտության սկավառակ ձայնագրել,  սակայն  պատի ենք դեմ առնում, ֆինանսական խնդիրներ ունենում: Հայաստանում շատ լավ երաժիշտներ Արամ Թալալյանն  ու Արմեն Բաբախանյանը, օրինակ, անում են ամեն ինչ, որ  կարողանամ գալ Հայաստան: Բայց առայժմ ոչ մի հստակ բան չկա:

Ձեր կարծիքը հայ դասական երաժշտության, երաժիշտների, երգացանկերի մասին: 

Մեր դասական երաժշտությունը ֆենոմենալ ռեպերտուար ունի, սակայն աշխարհը չգիտի դա, չնայած մեզ թվում է հակառակը:  Երբեմն շատ ենք հեքիաթների աշխարհում ապրում, թե հայ երաժշտության մասին աշխարհը գիտի: Դա բլեֆ է: Ով էլ ծանոթ է, շատ նեղ զանգված է  եւ դա: Եւ ամոթ է մեզ, որ այդքան քիչ մասսա է ծանոթ հայկական երաժշտությունը:  Արմեն Բաբախանյանի հետ պատրաստ ենք ձայնագրելու հայկական եւ եւրոպական երաժշտական կտորների սկավառակ,  սակայն դա  ոչ ոք չի անում: Գագիկ Ծառուկյանը, օրինակ, Հայաստանում աջակցում է  մարզիկներին, որը շատ ուրախալի է: Մի կողմ թողնենք, թե ինչ քաղաքականություն է վարում: Ես ասեմ նաև, որ հայկական մշակույթը ներկայացնելու համար մեզ անհրաժեշտ է մոտավորապես մի 100 ձայնասկավառակ: Բայց գոնե սկզբնական շրջանում մի 10 ձայնասկավառակ պետք է:  Քանի որ քաղաքականության մասին էլ խոսեցինք, ասեմ, որ չեմ ցանկանում հիմա քաղաքականության մասին խոսել: Բայց եթե Հայաստանը ինձ վստահի որեւէ ոլորտի ղեկավարում, որը քաղաքականության հետ կապված կլինի, ես կխոսեմ  դրա մասին:

Կարծիք կա, որ փոփ երաժշտությունը «հաղթում» է դասական երաժշտությանը: Ավելին՝ փոփ երաժշտությունն այսօր եկամտաբեր է, քան դասականը: 

Եթե մարդը ցանկանում է ակուստիկ գործիքից «դեղ» ստանալ, առողջ լինել, նա կլսի դասական երաժշտություն: Փոփ երաժշտությունը հիվանդացնում է մարդուն, իսկ մարդուն դեպի փոփ երաժշտություն տանողներն ապրում են լյուքսում, լսում են ակուստիկ երաժշտություն: Ի դեպ, ջութակի ձայնը մարդու առողջությանն ամենալավն է ազդում:

Դուք երաժշտությունն ու բժշկությունը միմյանց կապող ծրագիր եք իրականացնում: Կմանրամասնե՞ք՝ ինչի մասին է խոսքը: 

Մի ծրագիր ենք արել Լյուվենի համալսարանում: Ֆանետոգրամա սարքով որոշում ենք երգողի ձայնը՝ սոպրանո, մեցոսոպրանո եւ այլն, քանի որ երբեմն պրոֆեսորները լսելիս սխալվում են, իսկ մեր սարքը չի սխալվում: Երկրորդ՝ մենք համարյա ապացուցել ենք՝ երաժշտական դպրոց հաճախածները Ալցհեյմերով հիվանդանալու քիչ հավանականություն ունեն: Իսկ եթե մարդը Ալցհեյմերով հիվանդանալու հավանականություն ունի, մենք սկսում ենք հավաքել տվյալ մարդու երաժշտական սիրված կտորները: Երբ մարդը հիվանդանում է Ալցհեյմերով,  մենք կարողանում ենք այդ երաժշտական սիրված կտորներով հիվանդի կյանքը մի քանի տարով երկարացնել:  Այսինքն՝ հիվանդի երաժշտական սիրված  կտորներով շփվում ենք հիվանդի հետ, բայց ենթագիտակցական մակարդակում: Աուտիզմով հիվանդների համար էլ իմպլանտներ ենք ստեղծում եւ բաց ուղեղից հստակ ազդանշաններ ենք ստանում:  Ես մշակել եւ դասախոսություն եմ կարդացել «Լեզվի եւ լսողական տեղեկատվության փոխազդեցությունը երաժշտական իմաստաբանությունում» թեմայով Օրենբուրգում: Ու ասեմ, որ այս ամենն արվում է պրոֆեսոր, գիտնական, ՀՀ քաղաքացիություն ստացած Մարկ Վան Հյուլեի գլխավորությամբ: Մի նորարարություն եւս արել ենք: Մարկ Վան Հյուլեի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուղեղի հստակ ազդանշաններով կարելի է ղեկավարել մարդու մատները:

Ըստ ձեզ՝ երաժշտությունը ազգություն ճանաչո՞ւմ է, եւ ինչ է երաժշտությունը ձեզ համար:

Ինձ համար երաժշտությունը զրույց է Աստծո հետ, նաև մեդիտացիա: Երաժշտությունը բացում է  բոլոր սահմանները, դռները:  Ի դեպ, իմ համերգներից մեկին ներկա էր մի ադրբեջանուհի, որը նվերով եկել էր իմ համերգին: Մարդն ու արվեստը ամենաբարձր արժեքն են:

մահտեսյան1

Սոնա Դավթյան