Araratnews.am լրատվականը երեկ անդրադարձել էր ՍԱՊԾ-ին կից հասարակական խորհրդի անդամ, Հանրային խորհրդի ներկայացուցիչ Դոնարա Ալեքսանյանի բողոքին: Այն, հիշեցնենք, վերաբերում էր ՍԱՊԾ-ի աշխատանքին եւ ՀՀԿ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի «Երեւան սիթի» սուպերմարքեթում հայտնաբերված բորբոսասնկեր պարունակող շոկոլադե կոնֆետների տեսակներից մեկին:
Դոնարա Ալեքսանյանը կոնֆետների պարունակությունը ստուգելու համար դիմել էր «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիա, որտեղ հայտնաբերել էին բորբոսասնկեր, իսկ ՍԱՊԾ-ի լաբորատորիայում անհամապատասխանություններ չէին գտնվել: Ինչպե՞ս հասկանալ երկու լաբորատորիաների արդյունքների անհամապատասխանությունը, արդյո՞ք «Երեւան սիթի» սուպերմարքեթի Օհանովի մասնաճյուղը տեղյակ չի եղել, որ վաճառում է բորբոսասնկերով շոկոլադե կոնֆետ, պարզեցինք «Երեւան սիթիից» եւ ՍԱՊԾ-ի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանից:
Վահե Դանիելյանի խոսքով՝ ապրանքն արտադրված է եղել ԵԱՏՄ տարածքում, ներկրվել է Հայաստան և ուղեկցվել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով: ՍԱՊԾ-ը շրջայց է կատարել «Երեւան սիթի» սուպերմարքեթի բոլոր մասնաճյուղերում ու պարզել՝ տվյալ ապրանքը ժամկետանց է: Դրանից հետո ոչնչացվել է 22,5 կգ ապրանք:
Իսկ ինչպե՞ս է ոչնչացվել արտադրանքը: ՍԱՊԾ-ի պաշտոնյայի խոսքով՝ արտադրանքը բնափոխվել է, խախտվել ամբողջականությունը եւ նետվել աղբարկղ: Արդյոք մտավախություն չկա՞, որ մուրացկանները գուցե աղբամանից հայթայթեն կոնֆետները որպես սնունդ: Վահե Դանիելյանի խոսքով՝ շոկոլադե կոնֆետների ամբողջականությունը խախտվել է, տրորվել, որից հետո արտադրանքի վրա ախտահանող միջոցներ են լցրել:
Ինչ վերաբերում է երկու լաբորատորիաների հակասող պատասխաններին, ՍԱՊԾ-ի պաշտոնյայի խոսքով՝ «Ստանդարտ դիալոգի» պատասխանը բորբոսասնկերի մասին ահազանգ է, որ իրականացնեն պետական վերահսկողություն:
Իսկ ահա «Երեւան սիթիի» մենեջեր Սուրեն Ժամհարյանն ասաց, որ շոկոլադե կոնֆետները Սանկտ Պետերբուրգի արտադրանք են: «Մենք կարող ենք ցույց տալ բոլոր փաստաթղթերը»,— ասաց նա:
Քանի որ երկու արտոնագրված լաբորատորիաները հակասական պատասխաններ էին տվել, «Երեւան սիթի» սուպերմարքեթի Օհանովի մասնաճյուղի մենեջերի հավաստմամբ` Դոնարա Ալեքսանյանի բողոքից հետո սուպերմարքեթի մասնաճյուղն իր ուժերով քաղաքից դուրս գտնվող հողերից մեկում խոր փոսի մեջ թաղել է շոկոլադե արտադրանքի իրենց մոտ մնացած 11 կիլոգրամը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ